
Հունաստանում Սամոս կղզին ավելի քան 20 սանտիմետրով բարձրացել է երկրաշարժից հետո

Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո: Այդ մասին հաղորդել է Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով Աթենքի ազգային համալսարանի երկրաբանության եւ գեոբնապահպանության ամբիոնի մի խումբ հետազոտողների հայտարարությունը:
Խմբի մեջ մտնում են հայտնի սեյսմոլոգներ:
Հետազոտողների խումբն անցկացրել է Սամոսի երկրաշարժի լայնածավալ ուսումնասիրություններ:
Առավել կարեւոր բացահայտումներից մեկը տեկտոնիկ բարձրացումն է ինչպես բեկվածքի հյուսիսային, այնպես էլ հարավային մասերում, որն ակտիվացել է կղզուց դեպի հյուսիս ընկած ծովային գոտում, հաղորդում է հրատարակությունը: Կղզու սեյսմիկ բարձրացումը կազմում է մոտավորապես 18-25 սանտիմետր:
Հզոր երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի ցերեկը Էգեյան ծովում՝ հունական Սամոս կղզուց եւ Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժն զգացվել է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,7-ից մինչեւ 6,9: Հաղորդվել է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին:
Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել է երկու մարդ եւ 19-ը՝ վերքեր ստացել, Թուրքիայում զոհվել է 114 մարդ, ավելի քան հազարը՝ վիրավորվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքի շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: