
Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Տալանտ Մամիտովը

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրենսդիր մարմնի նոր խոսնակ են ընտրել «Հանրապետություն–Ատա-Ժուրտ» խմբակցության ներկայացուցիչ Տալանտ Մամիտովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մամիտովն այս պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր։ Նախկին խոսնակ Կանատ Իսաեւը նոյեմբերի 4-ին լիազորությունները վայր է դրել, քանի որ պատրաստվում է առաջադրվել 2021 թվականի հունվարի 10-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ Իսաեւի խոսքով՝ այսպիսի որոշում են ընդունել «Ղրղզստան» քաղաքական կուսակցության անդամները, որի առաջնորդն ինքն է։
Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունվարի 10-ին։ Այս պահին արդեն մի քանի քաղաքական գործիչներ հայտարարել են իրենց թեկնածությունն առաջադրելու մասին, ներառյալ Իսաեւը եւ «Բուտուն Ղրղզստան» («Միասնական Ղրղզստան») կուսակցության առաջնորդ Ադախան Մադումարովը։
Պետության ղեկավարի պաշտոնը թափուր է հոկտեմբերի 15-ից, երբ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երկրում տեղի ունեցող զանգվածային ցույցերի ֆոնին կամավոր հրաժարական էր ներկայացրել։
Նախագահի պաշտոնակատար, վարչապետ Սադիր Ժապարովի կողմից նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու դեպքում նա պարտավոր է վայր դնել իր լիազորությունները։ Այդ դեպքում ավտոմատ պետության ղեկավարի պաշտոնակատար կդառնա խոսնակ Մամիտովը։