«ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնող». ՌԴ փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսակցությունն այժմ այս մասին է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դեռևս կան բավականին հստակ զարգացումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում), որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում է հենց դա», -նշել է Ռուդենկոն:

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը:

«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:

«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակում, առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է», – հավելել է Ռուդենկոն:

Նրա խոսքերով` Մոսկվան «նախընտրում է շահարկումներ չանել Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս