
Պարգևավճարները և դրանց չափերը «Իմ քայլը» դարձնելու է քննարկումների առարկա․ Բաբկեն Թունյան

Երեկ լրահոսի և քննարկումների մեջ պատերազմական թեմաներին հավասար չափով բուռն քննարկվում էր պարգևավճարների թեման։ Մենք պետք է համաձայնենք, որ մարդկանց ոչ թե տոկոսային աճն էր հետաքրքրում, այլ պատերազմական իրավիճակում պարգևավճար ստանալու ավանդույթը։ Ազգային ժողովում Տնտեսական և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստի ժամանակ այս մասին ասաց նիստը վարող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչև պատերազմը սկսելը, իսկ պատերազմը շատ տեղեր ճշգրտումներ է մտցրել։
««Իմ քայլը» խմբակցությամբ մենք պարգևավճարների և դրանց չափերի հարցը դարձնելու ենք քննարկումների առարկա, որովհետև մարդկանց մոտ մի տեսակ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ, չնայած նշվում է 30 տոկոս, բայց կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 100 կամ 120 տոկոս։ Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում միջին բանկի վարչության պետը եթե ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ, աննորմալ կլինի, եթե ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը դրանից երկու-երեք անգամ պակաս ստանա, բայց ավելի լավ է այդ խնդիրը համակարգային լուծվի, ինչը մենք, երկու տարի է՝ ասում ենք, և եթե եկող տարին գոտիները ձգելու ժամանակ է, ապա առաջին հերթին պետք է մենք մեր գոտիները ձգենք»,- ասաց Թունյանը։