«Մարտունիի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք». Արծրուն Հովհաննիսյան

Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորն էլ տապալվել են:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեկ վաշտ, մեկ դասակ ուժերի կազմով Ադրբեջանի նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ մղվել, որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,-նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը շարունակեց, որ վաղ առավոտից սահմանագոտու այլ հատվածներում` հյուսիսում Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական ուղղությունում` Մարտունիի, և հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել թշնամու կողմից:

«Այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ և ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից: Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշ դիրքային փոփոխություններ ունենալ: Սակայն Մարտունիի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունիից հարավ` Ճարտարի ուղղությամբ: Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօր հարձակողական ամբողջ գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայր ռմբակոծվել է, այդ թվում` ժամը 18:00-18:10-ի սահմաններում հրետանային հարվածներ են եղել Դավիթ Բեկ բնակավայրի և ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Տուժել է համայնքը, կա մեկ զոհ, որի մասին պաշտոնապես հայտարարվել է»,-մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում:

 

Տեսանյութեր

Լրահոս