Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Կառավարության առաջարկվող գումարված նիստի օրակարգում ընդգրկված է օրենքի երկու նախագիծ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Առաջին ընթերցմամբ կքննարկվի նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի` որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ Սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն:

Տեսանյութեր

Լրահոս