Պետք է տեսնենք, թե կոնկրետ ի՞նչ վնաս է հասցրել սպիտակ ֆոսֆորի օգտագործումը, և ի՞նչ մեթոդոլոգիա կարող ենք մշակել, որպեսզի վերացնենք հետքերը․ Բնապահպան

Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշել է` զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

«Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Նոյեմբերի 1-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդը շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր, որի հետևանքներն ուսումնասիրվում են։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը 168.am-ի հետ զրույցում ասաց․  «Պատրաստվում է հայտարարություն և բաց նամակ, որն ուղարկվելու է միջազգային բնապահպանական կառույցներին։ Հարցն այն է, որ չէինք կարող պատկերացնել՝ երբևէ  կտեսնենք քիմիական զենքի օգտագործում, որն արգելված է մի շարք կոնվենցիաներով։ Ցավոք, մենք այս խնդիրն ունեցանք։ Մեր գիտնականները տարբեր կտրվածքներով Արցախն ուսումնասիրել են, սակայն սա, փաստորեն, նոր մարտահրավեր է։ Պետք է լրջորեն զբաղվենք խնդրով, տեսնենք, թե կոնկրետ ի՞նչ վնաս է հասցրել այդ զենքի օգտագործումը, և ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ ռեսուրսներ, մեթոդոլոգիա կարող ենք մշակել, որպեսզի վերացնենք այդ հետքերը»։

Նշենք, որ Ֆոսֆորն ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ, մասնավորապես, խորը այրվածքներ։

Անգամ բժշկական օգնություն տրամադրելիս պետք է զգույշ լինել և տեղեկացված։ Ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին օգնություն ցուցաբերող բուժաշխատողը վերքը մշակելիս կարող է այրվածքներ ստանալ։ Դրա համար էլ բուժաշխատողը պետք է վերապատրաստված լինի՝ նաև ինքն իրեն չվնասելու համար։

Մասնագետների խոսքով՝ ֆոսֆորը կարող է վնաս հասցնել՝ ինչպես բաց տարածքում գտնվող, այնպես էլ՝ պատսպարված կենդանի ուժին, շարքից հանել զինտեխնիկան ու սպառազինությունը։ Արտազատված ծուխը վնասում է մարդու շնչառական և աղեստամոքսային համակարգերը։

Պետք է հնարավորինս պաշտպանել բաց մաշկը՝ ֆոսֆորային կրակի հետևանքով առաջացած այրվածքներ ստանալուց. Դրանք շատ երկար չեն բուժվում և ուժեղ ցավ են պատճառում։

Պարտադիր պետք է պաշտպանել շնչառական օրգանները. Ֆոսֆորի այրման ժամանակ անջատվում է այնպիսի թունավոր գազ, որ ածխաթթու գազը (угар) կարելի է համարել անվտանգ բան։ Այդ թունավոր գազից շղարշային (марлевая) վիրակապը կպաշտպանի 10-15 %-ով, շնչառական դիմակը (респиратор)՝ 50 %-ով, ճիշտ ֆիլտրով հակագազը (օրինակ՝ ГП-7В կամ սովորական «համստերը»՝ 90%-ով։

Պարտադիր պետք է պաշտպանել տեսողական օրգանները. Դրանց վրա ազդեցությունը կարող է լինել ճակատագրական և հասցնել լիակատար կուրության:

Տեսանյութեր

Լրահոս