«Գույքահարկի բարձրացումն այս ձևով նման է մարդկանց ոչնչացնելու տեխնոլոգիայի. դա անթույլատրելի է». «Ակցեռն» հոլդինգի նախագահ
Անընդունելի է Հայաստանում գույքահարկի բարձրացումը այս փուլում և այն դեպքում, երբ երկրում ունենք 26 հազար դրամ թոշակ ստացող թոշակառու, չունենք օրենսդրություն, որով 68 հազար դրամ ստացող մարդը չի հարկվի, պաշտպանված կլինի, ուստի այս և այլ հարցերը չլուծած՝ գույքահարկի մի քանի անգամ ավելացումը բերելու է ընդհուպ մինչև քաղաքական լարվածության։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
«Ինչպես բնությունը, կյանքը, այնպես էլ՝ տնտեսությունը, պատժելու հատկություն ունեն։ Սխալների հանրագումարը կարող է բերել բացասական հետևանքների, տնտեսության վիճակի վատթարացումը բերելու է քաղաքական վիճակի վատթարացման. սրանք իրար հետ փոխկապակցված են։ Հարց է առաջանում նաև, թե ինչու Կառավարությունը գնաց այս որոշմանն այս պահին։ Այսօր, եթե գույքահարկի տեսքով հասարակությունից գանձվում էր 1-2 միլիարդ դրամ, ապա այս փոփոխությունից հետո գանձվելու է մինչև 100 միլիարդ դրամ, իսկ սա նշանակում է, որ հասարակությունից, մարդկանց ունեցած շրջանառությունից այդքան գումար ուղղվելու է համայնքային բյուջե և ծախսվի ընդամենը մի քանի հարյուր հոգու համար։ Այդ գումարը մեր շուկայի շրջանառությունից է դուրս գալու, 100 միլիոն դոլարը մեր, առանց այն էլ՝ այս փոքր շրջանառությունից են դուրս հանում, և դա հետևանք է ունենալու, ինչպես որ հետևանք ունեցան թավշյա հեղափոխությունից առաջ արված մի քանի այնպիսի սխալներ՝ արագաչափեր և այլն, որոնք հասարակությունից մինչև 50 միլիոն դոլար հավաքեցին և դա ուղղեցին 10 անձի ուղղությամբ, ինչը բերեց դժգոհությունների, ու տեղի ունեցան այդ քաղաքական զարգացումները»,- ասաց Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ՝ գույքահարկի ավելացումը Կառավարության համար արագ փող հավաքելու տարբերակ է, որն իր հետևանքները կունենա արդեն մի քանի տարի անց։
«Բացի այդ՝ գույքահարկի բարձրացման հետևանքով, օրինակ, 26 հազար դրամ ստացող մանկավարժը ստիպված կլինի վաճառել Կենտրոնում իր բնակարանը, տեղափոխվել այլ տեղ, իսկ դա նման է դանդաղ ինքնասպանության տեխնոլոգիայի։ Պատահական չէ, որ, օրինակ, ԵՊՀ-ն կամ Բժշկական համալսարանը տեղակայված են քաղաքի սրտում, և ոչ թե, ասենք, ծայրամասում. դրա նպատակը մտավորականներին քաղաքի սրտում պահելն է, ու հիմա նրանց տեղափոխումը ծայրամասեր նման է մարդկանց ոչնչացնելու տեխնոլոգիայի, և դա անթույլատրելի է»,- ասաց Բաղդասարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում