«Ինչի՞ համար է Սփյուռքի հանձնակատարը, ո՞ւմ համար է: Մենք մուրացկան չենք, մենք փող չենք մուրում…». Արտեմիս Լեփեջյանը՝ ներգաղթած սիրիահայերի խնդիրների մասին
Հայաստան տեղափոխված սիրիահայերը տնտեսական սահմանափակումների պատճառով հայտնվել են անելանելի վիճակում: Մտահոգությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների» ընկերակցության հիմնադիր-նախագահ Արտեմիս Լեփեջյանը.
«Հիմա մենք անտեր-անտիրական ենք. Սիրիայից ներգաղթողները, որոնք մեծ մասամբ արհեստավորներ են՝ ավտոմեխանիկ են, արծաթագործ, և այլն, չեն աշխատում կամ փոքր կրպակներ ունեն, որոնք կորոնավիրուսի պատճառով փակ են, և այս մարդիկ Սոցապնախարարության գրած 16 կետերից ոչ մեկի մեջ չեն մտնում. ո՛չ կարողանում են վարձ տալ, ո՛չ կոմունալ վճարել, և եթե նույնիսկ վաղը սկսեն աշխատել, նրանց պետք է, չէ՞, գոնե մեկ ամիս՝ գումար աշխատելու համար»:
Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ պետական աջակցության ծրագրերը հասանելի չեն ներգաղթած շատ հայերի, հատկապես՝ սիրիահայերի համար, իսկ խնդրի մասին պատկան մարմիններին ուղղված նամակները մնացել են անարձագանք:
«Իրենք ասում են՝ մենք մուրացկան չենք, մենք փող չենք մուրում, բայց իրավիճակը համաշխարհային մասշտաբի ֆորսմաժորային է: Իսկ մեզ, գիտե՞ք, ինչ են պատասխանում: …Այսօր քաղաքապետարանից նամակի պատասխան ստացանք, որը շատ հետաքրքիր էր, գրել են՝ այս պահին չունենք ոչ մի դրամական աջակցության ծրագիր, բայց մենք ձեզ խորհուրդ ենք տալիս՝ դիմեք «Առաքելություն Հայաստան բարեգործական միություն» հ/կ-ին և «Սոս» մանկական հիմնադրամին, որոնք կարող են աջակցել: Սա պետական կառույցի պատասխա՞ն է:
Դիմել ենք վարչապետին, նախագահին, պարետին, Ազգային ժողովի երեք խմբակցություններին, քաղաքապետին, Բարեգործական միությանը, «Ավրորա» նախաձեռնությանը: Հիմա նոր նամակ ենք պատրաստում Վեհափառին և Կիլիկիո կաթողիկոսին, որովհետև Հալեպի նահանգը Կիլիկո կաթողիկոսության հովանու ներքո է:
Պատասխանները եղել են միայն քաղաքապետարանից և Սոցապնախարարությունից: Սոցիալական ապահովության նախարարությունն էլ ասել է՝ թող իրենց համայնքներում դիմեն-տեսնեն, որ խմբի մեջ են մտնում, աջակցության որ կետին են համապատասխանում: Ես էլ ասացի՝ ես, որ երեք համալսարանական կրթություն ունեմ, ես չեմ հասկանում այդ կետերը, դրանց իմաստը, 5-6-րդ դասարանի կրթություն ունեցող սիրիահայերը որտեղի՞ց հասկանան: Տպավորություն է՝ իրենք անում են, որ մարդիկ չհասկանան»,- պատմեց մեր զրուցակիցը:
Տիկին Արտեմիսին վիրավորել է իր ներկայացրած խնդիրների հանդեպ պետական կառույցների անտարբերությունը.
«Երկրաշարժի ժամանակ Հալեպում աշխատանքային լավագույն առաջարկս թողել եմ և եկել Հայաստան ու 5 տարի անվճար աշխատել եմ՝ որպես Հայ Օգնության ֆոնդի գլխավոր կոորդինատոր: Զավակներս, ամուսինս, տղայիս համակուրսեցիները կամավոր աշխատել են. Հիմա ինձ ասում են՝ մենք փող չունենք, դա ի՞նչ ասելու բան է»:
Հարցին՝Հայաստանում կա՞ն այլ կառույցներ, որոնք զբաղվում են ներգաղթած սփյուռքահայերի այսօրեական հարցերով, և արդյո՞ք նրանք էլ են բախվում նմանատիպ խնդիրների, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Կա «Հալեպ» հայրենակցական միությունը. մենք խոսել ենք իրենց հետ, նրանք էլ են անորոշ վիճակում: Խոսել եմ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ, նրանք ասում են՝ հանձնակատարն ասում է, որ այսօրվա վիճակով ոչ մի ծրագիր չունենք, և մեզ պիտի հուշեն՝ որ հասարակական կազմակերպություններին դիմել: Բայց ինչի՞ համար է Սփյուռքի հանձնակատարը, ո՞ւմ համար է»: