
Թուրքիայում ունենք 56, իսկ աշխարհի 46 երկրում՝ 600 ՀՀ քաղաքացի. Ադոնց

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Թուրքիայում գտնվող 56 ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար. այս հարցով խնդրել են նաև Մայր Աթոռի օգնությունը:
Անդրադառնալով հարցին, որ Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիները վախենում են գնալ պատրիարքարան և գրանցվել ՀՀ վերադառնալու համար, Ադոնցն ասաց, որ վերադարձն առանց քաղաքացիների գրանցման և առանց նրանց հետ հետադարձ կապ հաստատելու պարզապես հնարավոր չէ ապահովել:
«Քանի որ մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում, դրա համար համագործակցում ենք Մայր Աթոռի հետ, ուստի կխնդրեմ չվախենալ և գրանցվել»,- կոչ արեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ապա փոխնախարարը իրազեկեց, որ այս պահին աշխարհի 46 երկրում ունենք 600 ՀՀ քաղաքացի:
«Սրանք այն քաղաքացիներն են, որոնք գրանցվել են մեր դիվանագիտական ներկայացուցչություններում, իհարկե, այս 600-ից ոչ բոլորն են, որ ցանկանում են հիմա վերադառնալ Հայաստան»,- ասաց նա: