«Բա ինչի՞ եք Signal-ով խոսում, վախենում եք՝ ձեզ ո՞վ լսի, ձեր ԱԱ՞Ծ-ն»․ Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը
«Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք այստեղ փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով՝ կառավարությունը մերժել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկների մեծ մասը, բայց նրանք փորձում են հիմնավորել, թե նախագիծը լավն է։
«Եվ սա այն դեպքում, երբ առողջապահական հանձնաժողովի նախագահը երեկ ասաց, որ սա զրո ազդեցություն ունի էպիդեմիայի դեմ պայքարի համար։ Եթե զրո ազդեցություն ունի, ապա մնում է մարդկանց վերահսկելը։ Մեր գործընկերն ասում է՝ եթե կառավարությունը ուզենար մարդկանց վերահսկել, դա շուտ կաներ։ Կառավարություններն ընթացքում են ուզում վերահսկել, փուլ առ փուլ, առիթներ են փնտրում վերահսկելու։ Երբ ասում են՝ պանդեմիան նոր հնարավորություններ է բացում, փաստորեն, այդ նոր հնարավորությունը սա է, որովհետև ոնց տեսնում եմ՝ աշխարհում ոչ մի նոր հնարավորություն չի բացվել այս պանդեմիայի արդյունքում»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ չի վստահում իշխանության ներկայացուցիչներին, որովհետև նրանք էլ են Signal-ով ու WhatsApp-ով խոսում․ «Դուք վստահում եք ձեր կառավարությանը, բա ինչի՞ եք Signal-ով խոսում, վախենում եք՝ ձեզ ո՞վ լսի, ձեր ԱԱ՞Ծ-ն»։
«Լուսավոր Հայաստանն» առաջարկներ չի ներկայացրել, որովհետև, Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունը դեմ է նախագծի էությանը, ոգուն․ «Մենք շարունակելու ենք լինել դեմ»