
Արցախում ընտրողների անվտանգությունն ապահովելու հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկվել են. Սրբուհի Արզումանյան

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Արցախում նախագահական և Ազգային ժողովի ընտրությունները հետաձգելու կոչեր էին հնչում: Ընտրություններն ամեն դեպքում տեղի ունենալու են: Արցախն ընտրական իրավունք ունեցող 103663 քաղաքացի ունի: Ւնչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը վստահեցնում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցառումներն ապահով և անվտանգ ընտրություններ ունենալու համար.
«Մենք ընտրությունները կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում, համոզված եմ՝ յուրաքանչյուրս իր հերթին՝ գիտակցում է պահի կարևորությունը:
ԿԸՀ-ն՝ համագործակցելով հանրապետությունում նոր կորոնավիրուսի ներթափանցման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ, օպերատիվ կարգով Առողջապահության նախարարության աջակցությամբ ձեռք է բերել անհրաժեշտ միջոցներ ընտրության մասնակից բոլոր սուբյեկտների՝ տեղամասային ընտրական հանձաժողովի անդամների, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Անհրաժեշտ պարագաներ հենց ընտրատեղամասում կստանան նաև ընտրողները:
«Տեղամաս մտնելուց ընտրողին խնդրելու են ախտահանվել, տեղում կբացատրեն այդ աշխատանքների առանձնահատկությունները: Տեղում վերցնելու եք համապատասխան ձեռնոց, որոնք մեկանգամյա օգտագործման են, և ձեր անհատականն են, անհատական դիմակ ու գրիչ: Ընտրողը գրիչն իր հետ ներս է մտցնելու և իր հետ հանելու է դուրս: Քվեարկությանը փորձեք մասնակցել՝ որոշակի տարածություն պահպանելով: Կուտակումները մինչև կորոնավիրուսն էլ խախտում էին համարվում»,- ասաց Սրբուհի Արզումանյանը:
Արցախի ԿԸՀ նախագահի խոսքով՝ այսօրվանից արդեն սկսել են ախտահանել ընտրատեղամասերը: