Բաժիններ՝

Էդ սահմանադրական հանրաքվեն էլ դրել ենք, որ էդ մաֆիոզներն իրենց կառույցներն իրենց մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն. ՀՀ վարչապետ

Այսօր Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամին պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քաղաքացիներին վարկային արձակուրդ տալու գաղափարին:

«Ես ուղիղ ասեմ՝ դեմ եմ նման որոշումներին շատ պարզ պատճառով, իսկ եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ պարտնյոր է, իր պարտավորությունները չի կատարում, հիմա մի հատ էլ պետք է արձակուրդ տանք, ասենք՝ երկու ամիս էլ վարկերդ մի վճարի: Մյուս կողմից՝ ինչո՞ւ մենք պետք է վարկային արձակուրդ տանք բնականոն աշխատող մարդկանց, այն մարդկանց, որոնք այսօր ալկոգել, դիմակ կամ սպիրտ են վաճառում, կամ այն մարդկանց, որոնք բարեհաջող առևտուր են անում, ինչո՞ւ մենք նրանց պետք է վարկային արձակուրդ տանք»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ հարց ուղղելով վարկային արձակուրդի մասին հարց բարձրացրած անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նշելով, որ շատ հեշտ է կոչ անել՝ հարկերից, վարկերից, կոմունալները վճարելուց մարդկանց ազատել, սնունդ բաժանել:

«Կներեք, էդ լուրջ ե՞ք ասում»,- ասաց Փաշինյանը:

«Հո տենց ասելո՞վ չի: Եկեք առաջարկում եմ՝ բոլորդ օրենսդրական նախաձեռնություն բերե,ք ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով: Առաջարկում եմ՝ նման նախագիծ բերեք, որ ամեն մարդու 50 հազար դոլար բաժանենք՝ քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Նման նախագիծ բերեք, ես կպաշտպանեմ, թե չէ նստում եք՝ հարկերից ազատենք, վարկերից ազատենք, ձեռ եք առնում, տպավորություն ա, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս, գնացեք, ձեր շրջապատի փողերը բաժանեք, հերիք ա, հա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի այս պատասխանին արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը և նրան հորդորեց իր ձևակերպումները չորակել, իսկ եթե իր մեկնած օգնության ձեռքը չի ցանկանում բռնել, ապա պետք չէ դրա համար այլ պատճառներ բերել:
Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա՝ ավելի վաղ արած հայտարարությունները թալանած գումարները կոպեկ առ կոպեկ վերադարձնելու մասին՝ ակնարկելով, որ այդ գումարները կարող են բաժանվել քաղաքացիներին:
Ի պատասխան Ուրիխանյանի արձագանքին՝ Փաշինյանը հավելեց. «Այո՛, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Էդ սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար ենք դրել, որ մաֆիոզներն իրենց կառույցներն իրենց մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որտեղից մտածում եք, թե չենք հասնի: Բերելու ենք, և այդ ժամանակ, որ բերենք, այդ վարկառուներին անպայման այդ միջոցներից կտրամադրենք»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս