Չեմ կարծում, որ Հ1-ին պետության կողմից մեծ գումար է տրվում. Վահե Դանիելյան
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը տալ մինչև 5 րոպե գովազդ տեղադրելու իրավունք:
Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատգամավորներին հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերությունն իր այդ իրավունքից զրկվել է 2014 թվականին, երբ համապատասխան օրենքում փոփոխություն կատարվեց, և Հ1-ի՝ գովազդ հեռարձակելու իրավունքը վերացվեց: Դանիելյանի փոխանցմամբ՝ այդ փոփոխություններից հետո Հ1-ը զրկվել է ֆինանսական միջոցներից, որոնք հետագայում կառավարությունը փոխանցել է մասնակի, իսկ Հ1-ը զրկվել է տեխնիկական վերազինման և եթերաժամանակի փոփոխության հնարավորությունից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին.
«Կառավարությունում քննարկե՞լ եք արդյոք այն հարցը, որ գուցե պետությունից տրվող գումարը կրճատեք, քանի որ մեծ գումար է տրվում Հ1-ին»։
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ չի կիսում այն տեսակետը, որ Հ1-ին մեծ գումար է հատկացվում պետությունից, իսկ ինչ վերաբերում է տրվող գումարի պակասեցմանը, ապա դա հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ նոր կարող են քննարկել: