«Կա հարուցված քրեական գործ, կատարվել են խուզարկություններ». ՔԿ-ն՝ Գորիսի քաղաքապետին առնչվող լուրերի մասին
ArmDay.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ քննվող քրեական գործի շրջանակներում երեկ առավոտյան խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում: Ըստ կայքի՝ վերջիններս ձերբակալվել են:
Ավելի ուշ Factor.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետը չէր հերքել խուզարկության մասին լուրը, սակայն հերքել էր ձերբակալության վերաբերյալ տեղեկությունը: Ավելին, նշել էր, որ իր հետ կապված որևիցե խնդիր գոյություն չունի: Ինքը երեկ առավոտից աշխատանքի է եղել, Գորիսում է, իր աշխատասենյակում աշխատում է:
Տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Արամ Ավետիսյանի հետ: Վերջինս ասաց, որ կա հարուցված քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 322 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` մարդուն շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելը (որը կապված չէ առևանգելու հետ), և ինքնիրավչություն, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
ՔԿ խոսնակը նշեց նաև, որ կարգավիճակ ունեցող անձ չկա:
Մեր հարցին, թե հաստատո՞ւմ է արդյոք խուզարկությունների փաստը, Արամ Ավետիսյանը պատասխանեց, որ խուզարկություններ կատարվել են, բայց թե ում բնակարաններում, չի կարող ասել. նախաքննական գաղտնիք է: