«Եթե 2019թ. բյուջեի կատարողականը չհաստատվեր, քաղաքապետը օրենքի ուժով ստիպված կլիներ հրաժարականի դիմում ներկայացնել». Դավիթ Խաժակյան
Այսօր Երևանի ավագանին նիստ գումարեց, որի ընթացքում հաստատվեց 2019թ. բյուջեի կատարողականը: 2019 թվականի բյուջեն հաստատվեց բավականին քիչ ձայներով. կողմ` 38, դեմ` 5, ձեռնպահ` 3։
Ավագանու նիստերին, հատկապես կարևոր փաստաթղթերի քվեարկություններին հետևողները կփաստեն, որ սա թեպետ բյուջեի հաստատման համար բավարար է, բայց շատ ցածր ցուցանիշ է։
168.am-ը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրեց, թե սպասո՞ւմ էր արդյոք նման որոշման, հատկապես, եթե նկատի ունենանք, որ վերջերս իշխող ուժը այնքան էլ մեծ խանդավառությամբ չէր մասնակցում Երևանի ավագանու նիստերին:
«Այս բյուջեն շատ էր քննադատվել, և պետք է ասել, որ շատ նկատառումներ ընդունվել էին մեծամասնության կողմից։ Այս անգամ կատարումը հաստատվեց ավագանու 40 անդամի քվեարկությամբ։ Ակնհայտ է, որ, եթե իմքայլականները կատարողականը դիտարկեին բովանդակային իմաստով, ապա պետք է դեմ քվեարկեին, քանի որ ցուցանիշները երբևէ գրանցած ամենավատ ցուցանիշներն են։ Մեծ թերակատարումներ բոլոր ոլորտներում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե չհաստատվեր բյուջեի կատարողականը, նա ասաց, որ դրանից հետո քաղաքապետը ստիպված կլիներ կատարել օրենքի պահանջը և ներկայացնել հրաժարականի դիմում, բայց ի սկզբանե պարզ էր, որ մեծամասնությունը դրան, իհարկե, չէր գնա:
Շարունակելով` նա նշեց, որ կարծում է` հենց սա էր պատճառը, որ որոշեցին չհետաձգել այս նիստը կորոնավիրուսի պատճառով, քանի որ օրենքը ցանկացած պատճառով չհաստատման դեպքում կբերեր քաղաքապետի հրաժարականին:
«Կարծում եմ` անիմաստ է այլևս այս ավագանուց ակնկալել, որ ի դեմս իշխող ուժի՝ նրանք իրականացնում են օրենքով վերապահված քաղաքապետի գործունեության վերահսկման գործառույթը։ Այս քվարկությունը ցույց տվեց, որ ինչքան անարդյունավետ էլ գործի քաղաքապետը, միևնույն է, իրենք պատրաստ են դակել այս փաստաթղթերը»,- նկատեց ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: