«Մեկ է՝ կգտնենք՝ ով է արել, մեկ է՝ այդ մարդը կորած մարդ է, գյուղացին չի ներելու իրեն»․ Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտին ոչ ոք ուշադրություն չի դարձնում․
«Իհարկե, ունենք սերմացուի խնդիրներ․ հացազգիների ցանքատարածություններն էլի կպակասեն։ Ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվող չկա։ Մեր չինովնիկներն ամեն ինչով զբաղված են, բացի գյուղատնտեսությունից։ Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, պարոն Փաշինյանը՝ իր տեղակալներով, որևէ քայլ չի անում գյուղատնտեսության զարգացման համար։
Այն ծրագրերը, որ անում են գյուղացու անվան տակ, բանկերի հարստացման համար են։ Միայն մի օրինակ բերեմ՝ կառավարությունը ոչխարաբուծության զարգացման ծրագիր է ընդունում, բայց դրա իմաստն այն է, որ պետք է վարկավորվեն գործարարները, որ գնան դրսից, ասենք, 300 գլուխ ոչխար ներմուծեն Հայաստան։ Եվ դա կոչվում է ոչխարաբուծության զարգացում, այսինքն՝ խթանում են առևտուրը»։
Հրաչ Բերբերյանը նշեց, որ լուրջ խնդիր է նաև ոռոգման հարցը․ «Հատկապես Շիրակի մարզում ունենք շատ լուրջ ոռոգման խնդիր։ Արփի լիճը դատարկ է, հիմա որոշ ջրամբարների միջոցով փորձում են լցնել, բայց միանշանակ պետք է հէկ-երը փակվեն։ Ո՞վ է դատարկել այդ լիճը, թող պարոն Նիկոլ Փաշինյանը կանչի՝ հարցնի։ Շիրակի գոտում կարտոֆիլագործները չգիտեն՝ ցանք անե՞լ, թե՞ ոչ։
Մարդիկ հսկայական գումարներ են ծախսել, սերմեր են ձեռք բերել, պարարտանյութ, թունաքիմիկատ են ձեռք բերել։ Այսօր այնտեղ պայթյունավտանգ վիճակ է։ Մարզպետն էսօր-էգուց անելով՝ խաբում է, ընդհանրապես տեղյակ չէ որևէ բանից։ Էկոնոմիկայի նախարարությունը զբաղված է տնտեսական խնդիրներով, մի երկու դեղնակտուցի բերել-դրել են այնտեղ․ կառավարությունն ընդհանրապես գյուղատնտեսությամբ չի զբաղվում, կարծես՝ Հայաստանում գյուղատնտեսություն չի եղել և չկա, մոռացել են։ Ո՞ւմ նախաձեռնությունն էր Գյուղնախարարությունը փակելը։ Մեկ է՝ կգտնենք՝ ով է արել, մեկ է՝ այդ մարդը կորած մարդ է, գյուղացին չի ներելու իրեն»։
Հետաքրքրվեցինք՝ այն ժամանակ, երբ նախարարությունը կար, այս խնդիրները չկայի՞ն։
«Երբ նախարար կար, այդ հարցը բարձրացնող կար։ Վատ թե լավ, ինչ-որ մեկը կար, որ գյուղացու ձայնը լսելի էր դարձնում։ Այսօր դա էլ չկա։ Իրենց համար շատ հարմար է, միայն պարգևավճարներ են դուրս գրում։ Մոռանում են, որ ժամանակը կգա՝ այդ պարգևավճարները կվերադարձնեն։ Դուք գիտեք՝ մարսելո՞ւ են այդ պարգևավճարները։ Դա միայն կառավարությանը չի վերաբերում, վերաբերում է նաև քաղաքապետարանին և մարզպետարաններին։ Եթե դուք որևէ օգուտ այս երկրին չեք տվել, ի՞նչ պարգևավճարի մասին է խոսքը, այ ձրիակերներ։ Սա ուղղակի բյուջեի թալան է։ Էլ վարչապետին էլ չեմ ասում, կառավարությանն եմ կոչ անում՝ զբաղվեք գյուղատնտեսությամբ, չե՞ք զբաղվում՝ գյուղատնտեսությունը ձեզնով կզբաղվի»,-ի պատասխան՝ ասաց Հրաչ Բերբերյանը