Բաժիններ՝

Հնարավոր է՝ Ավագանու նիստը չեղարկվի. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները, մի քանի օր է, փորձում են կապ հաստատել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն ապարդյուն: Այսօր վերջապես նրանց հաջողվել է քաղաքապետի հետ զրուցել, բայց  հեռախոսով. 168.am-ի հետ զրույցում հայտնեց Թեհմինա Վարդանյանը:

«Թեման կորոնավիրուսն էր, համայնքի դերը ստեղծված իրավիճակում  ու հետագա գործունեությունը: Մենք խիստ անհանգստացած ենք այս իրադրությամբ: Մի քանի առաջարկ ներկայացրինք, քննարկեցինք իրավիճակը, քանի որ քաղաքի վերահսկողության տակ են մի շարք դպրոցներ, պոլիկլինիկաներ, երաժշտական և արվեստի դպրոցներ, Շտապ օգնության ծառայությունը: Խոսեցինք առաջիկա նիստի մասին»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Երևանի ավագանու մարտի 19-ի հերթական նիստը չեղարկվի, Վարդանյանը պատասխանեց. «Հնարավոր է: Քաղաքապետը հստակ բան չասաց, բայց մենք հակված ենք նրան, որ քաղաքապետը կչեղարկի նիստը:  «Իմ քայլը»  խմբակցությունն ունի ավագանու  57 անդամ, հրահանգավորման դեպքում ավագանու անդամները չեն ներկայանա, քվորում չի լինի, նիստը կչեղարկվի»:

Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանն իրենց անհանգստությունն են հայտնել նաև հասարակական տրանսպորտի մասնավորի գծերի ախտահանման մասին, քաղաքապետը վստահեցրել է, որ դրանք ևս ախտահանվում են, և դա շարունակական է լինելու: Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերի վերելակներին և հասարակական մյուս վայրերին, Վարդանյանն ասաց.

«Քաղաքապետն ասաց, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են Առողջապահության նախարարության ցուցումով, Քաղաքապետարանն ինքնուրույն չի կարող միջոցներ ձեռնարկել»: Ավագանու անդամի տպավորությամբ՝ զրույցը ստացվել է, քաղաքապետն ընդունել է առաջարկությունները, ասում է՝ «մնացածը ընթացքը ցույց կտա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս