234 միլիոն դրամով կնվազեցվեն «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ»-ին տրամադրվող հատկացումները
2020 թվականին «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ»-ի մատուցման շրջանակում ընդգրկված հիվանդանոցային ծառայությունները կթերակատարվեն, որպեսզի խնայված միջոցներն ուղղվեն այլ նպատակների համար։
Կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված 23 չզեկուցվող հարցերից մեկն էլ վերաբերում էր ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու նպատակով պետական բյուջեում վերաբաշխում, կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելուն:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» անունով միջոցառման համար նախատեսված միջոցները նվազեցնել 234.6 միլիոն դրամով և հատկացնել Առողջապահության նախարարության դեռևս 2019 թվականին նախաձեռնած՝ ինչպես մարզային, այնպես էլ՝ Երևան քաղաքի բժշկական կազմակերպությունների արդիականացման, վերազինման, հիմնանորոգման քաղաքականությունն իրականացնելու համար։
Առողջապահության նախարարությունը ներկայացրած առաջարկությունը հիմնավորել է նաև կատարված աշխատանքներով, այն է՝ «ԲԿ-ների արդիականացման նպատակով բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով նախարարությունն իրականացրել է գնման բաց ընթացակարգ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխան, արդյունքում կնքվել են պայմանագրեր Բինոկուլյար նեյրովիրաբուժական մանրադիտակի և շարժական ռենտգեն համակարգի համար գնման համար, սակայն այս սարքավորումների ձեռքբերման համար «Գեո-Նալ» և «ԱՎԷՄԵԴ» ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերն ուժի մեջ մտցնելու նպատակով անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ, ուստի որոշվել է թերակատարել «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ»-ը և խնայված միջոցներով գնել անհրաժեշտ սարքավորումները»։
Կառավարությունը հավանության է արժանացրել ներկայացրած նախագիծը: