«Ադրբեջանը զորքի տեղակայումը փոխել է, ավիացիան բերել է պահեստային օդանավակայաններ, իսկ Փաշինյանը բուկլետ է բաժանում». Արա Գասպարյան
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
«Մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում Ադրբեջանում, այնտեղ ընթացող զորավարժությունների ժամանակ ադրբեջանական զորամիավորումների տեղակայումն է փոխվել, դրանք դուրս են բերվել օպերատիվ նշանակության շրջաններ, ավիացիան տեղակայվել է պահեստային օդանավակայաններում, հրթիռային զորքերն առաջ են բերվել դեպի նոր կրակակետեր։ Սրանք բավականին մտահոգիչ զարգացումներ են, որոնց մենք պետք է ուշի ուշով հետևենք, որովհետև դիվերսիոն ակտիվությունն էլ կարող է սրվել։ Մեր սահմանից այն կողմ նման իրադարձություններ են տեղի ունենում, իսկ մենք զբաղված ենք այլ գործով»,- ասաց նա։
Ըստ Գասպարյանի՝ Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր փուլում. մի կողմում՝ Արցախի ընտրություններն են, մյուս կողմում՝ հանրաքվեն, ուստի երկրի ղեկավարի համար առաջահերթ չպետք է լիներ այն, ինչով այսօր զբաղված է։
«Վարչապետը պետք է զբաղված լինի ոչ թե բուկլետ բաժանելով, այլ երկիրը պատերազմի նախապատրաստելով։ Ադրբեջանի զորավարժությունները ցանկացած պահի կարող են վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, իսկ մեր իշխանության քայլերը բերում են ոչ թե՝ անվտանգության ապահովման, այլ հակառակին՝ անվտանգության համակարգերի վարկաբեկման, դավաճանների փնտրտուքի, սևերի և սպիտակների բաժանման»,- ասաց Գասպարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձից հետո հայաստանյան իշխանությունների, վարչապետ Փաշինյանի լռությունը պայմանավորված է Արցախյան հիմնախնդրի բանակցությունների ընթացքում ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածություններով։
«Փաշինյանը լռությունը պայմանավորված է հարցով՝ իսկ ի՞նչ են պայմանավորվել Ալիևի հետ, ի՞նչ են խոսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները. ոչ մի բան հստակ չէ, ոչինչ չգիտենք, հանրությունն ընդամենը շոու դիտեց, և վերջ, հետևաբար՝ այդ լռությունը պայմանավորված է բանակցային գործընթացի վերաբերյալ պայմանավորվածություններով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից սպասելիք արձագանքին, ապա, ըստ Գասպարյանի, հետաքրքիր է՝ իսկ մենք ի՞նչ ենք ուզում լսել այդ կառույցից, չէ՞ որ մենք առաջինը գնացինք գործողությունների, որոնք վարկաբեկեցին ՀԱՊԿ-ը։
«ՀԱՊԿ գլխավոր նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչեցինք։ Այս մարդուն ինչի մեջ ասես մեղադրեցին, և դեռ հստակ չէ, թե այդ դատավարությունն ո՞ւր է հասել, հետևաբար՝ մենք ի՞նչ ենք ուզում լսել ՀԱՊԿ-ից»,- ասաց Գասպարյանը։
«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր խորհրդի անդամն անդրադարձավ նաև ուժային կառույցների ղեկավարների նշանակման անորոշությանը՝ շեշտելով, որ Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ամիսներ շարունակ իշխանությունը դրել է անորոշ վիճակի մեջ՝ ծառայությունների ղեկավարներ նշանակելով ընդամենը ժամանակավոր պաշտոնակատարների։
Ըստ Գասպարյանի՝ այդ կառույցներում աշխատանքի արդյունավետությանն այդ անորոշությունը վնասում է, և այդ վնասն է՛լ ավելի է մեծանում, երբ կառավարության ղեկավարի կողմից հայտարարվում է, թե իրավապահ համակարգի վերին օղակներում կան դավաճաններ։
«Չէ՞ որ այդ համակարգում աշխատում են նաև պրոֆեսիոնալներ, և հնարավոր չէ, որ վարչապետի այդ հայտարարությունը նրանց վրա որևէ ազդեցություն չունենա. նրանցից ամեն մեկը սկսում է մտածել՝ իսկ ո՞վ է իրենց մեջ դավաճանը։ Այսպես չի կարելի։ Ես հատուկ միտում եմ՝ տեսնում դավաճանների այս փնտրտուքով թուլացնել Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը։ Դավաճանների փնտրտուքը գործածվող պրակտիկա է՝ սեփական սխալները, քաղաքական և վարչական ոչ կոմպետենտությունն արդարացնելու նպատակով նաև։ Գիտեք՝ տարօրինակ է, որ հայտարարվեց, որ վերին օղակներում դավաճաններ կան, և որևէ քրեական գործ այդ մասով մինչ այժմ չկա»,- ասաց Գասպարյանը։
Ընդդիմադիր կուսակցության խորհրդի անդամը նաև շեշտեց, որ լինելով ընդդիմադիր՝ իրենք պաշտպանում են ուժային կառույցները, քանի որ դա բխում է, առաջին հերթին՝ հենց պետության շահերից։
«Մենք պաշտպանում ենք ոչ միայն ուժային կառույցներին, այլև պետությանը, քանի որ պետականամետ ենք, ազգային պետությունը մեզ համար գերագույն արժեք է, որին դեռ չենք հասել»,- ասաց Գասպարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։