«Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին է խոսքը. այդ տգետները պետք է ուղղիչ-աշխատանքային գաղութում լինեին». Հրաչ Բերբերյան

«Հակակարկտային ծառայությունն այդպես էլ չաշխատեց, հիմա էլ կիսագաղտնի ֆինանսավորում են անցկացրել ապահովագրության համար, և 3 ամիս հետո մենք իրենց դատի կտանք, որովհետև սնանկանալու են, քանի որ չկա հակակարկտային որակյալ ծառայություն, բույսերի պաշտպանություն, որակյալ անասնաբուժություն չկա, ամենակարևորը՝ չկա ոռոգման համակարգ, որը չբարեփոխվեց, ինչպես խոստացել էր վարչապետը»,- 168TV-ի եթերում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ կառավարման բարեփոխումներ են պետք, ինչը, նրա խոսքով՝ չի արվում. «Մի տգետի հանում են, մյուս տգետին նշանակում են. էդ քայլողներից են, վազողներից են՝ լեյտենանտ Շմիդտի երեխաները: Երբ նրանց թողնում ես իշխանության, տեսնում ենք՝ ինչ է լինում: Տարբեր ոլորտներում լավ մասնագետներ կան, բայց չեն թողնում, որ նրանք աճեն. հիմարը բերում է իրենից հիմարին: Մեր համակարգն այդպես է դրված՝ միանձնյա ղեկավարության ոճն է աշխատում, և արդյունքում այն, ինչ կարծում է ղեկավարը, որ այդպես կստացվի, հակառակն է ստացվում»:

Ասածն ապացուցելու համար Հրաչ Բերբերյանը ոռոգման համակարգի օրինակն է բերում. «Ոռոգման համակարգը մեր ամենացավոտ խնդիրներից է: Շիրակի մարզում երկու օր առաջ ֆերմերները ճանապարհը փորձում էին փակել: Արփի լիճը Շիրակի գոտու հիմնական ոռոգման ջրային ռեզերվն է, Շիրակի գյուղերի 90 տոկոսն օգտվում է Արփի լճից: Մեկ ամիս առաջ Արփի լճի փականները մի խելոք բացել է, կարծես թե դրանք լավ չեն աշխատում, և ջուրը բաց են թողել Ախուրյանի ջրամբար: Առիթը եղել է փականները, որ պետք է վերանորոգեն: Ասում են՝ վերանորոգել են, բայց գյուղացիներն ասում են՝ չի էլ վերանորոգվել: Ջուրը գնացել է Ախուրյանի ջրամբար, որի 50 տոկոսը տանում է Թուրքիան: Հիմա, եթե թուրքերի հետ են պայմանավորվել, այստեղ ԱԱԾ-ն պետք է հետազոտի: Վերջիվերջո, Արփի լիճն ինչո՞ւ է դատարկվել: Փականները վերանորոգում են աշնանը, ոչ թե գարնանը: Մի խելոք մարդ չկա՞ր՝ դա ասեր: Մոտ մեկ կիլոմետր քայլում ես՝ Արփի լիճը չորացած է: Զարմանում եմ նաև Բնապահպանության նախարարության վրա: Գյուղացին չգիտի՝ կարտոֆիլի, կաղամբի ցանք անի՞, թե՞ ոչ»:

Նրա խոսքով՝ ամեն տեղ հրատապ խնդիրներ են. «Ցավոք, մեր ղեկավարությունը խուսափում է գյուղատնտեսությունից խոսել, դրա համար փակեցին նախարարությունը: Բայց հետո բացելու են: Լավ, երբ այդ լեյտենանտ Շմիդտի երեխաների վերջը գա, ի՞նչ պետք է անեն: Որտեղ կա չինովնիկ, այնտեղ կա թալան, ուզո՞ւմ եք՝ հազար տեղ էլ ապացուցեմ, որ թալան կա: Անիմաստ է որևէ առաջարկով ներկայանալ: Կարծում եմ, որ ճամպրուկային տրամադրություն է: Խանութում ճամպրուկները պակասում են, շատ են գնում: Ես մտածում եմ, որ բարեփոխումներ են լինելու, մեր երկիրը զարգանալու է: Լեյտենանտ Շմիդտի աղջիկներն ու տղաներն են պառլամենտում ու կառավարությունում: Ոռոգման մեկ հեկտարի նորմատիվները խախտել են, գյուղացուն համարյա կրկնակի թալանում են, և այսօր նրանք ուղղիչ-աշխատանքայինում չեն, ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին է խոսքը: Այդ տգետները՝ մինչև նախարար, պետք է լինեին ուղղիչ-աշխատանքային գաղութում: Կրկնակի թալանում են գյուղացուն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս