«Համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն». Անդրանիկ Թևանյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերնագիրը թեև շատ գայթակղիչ, ականջ շոյող ու հեղափոխական է, սակայն այն բերելու է մեր պետության, անվտանգության և բանակի թուլացման, իսկ այդ նախագծի՝ օրենք դառնալուց հետո, տարածվելու է այն պողոսականների շրջանակի վրա, որոնք այսօր ծափահարում են այդ նույն օրենքին։

Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ, եթե օրենքի սկզբնական փուլում այն կկիրառեն շատ հասցեական, ապա շատ կարճ ժամանակ անց այն կտարածվի գրեթե բոլոր քաղաքացիների վրա։

Թևանյանը համամիտ չէ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդման հետ, թե այս օրենքը հանրության բարիքները գողացած անձանց գույքի դեմ հայց ներկայացնելու և բռնագանձելու ինստիտուտ է ներդնելու։

«Այդ դեպքում մի քանի հռետորական հարց տամ՝ իսկ երբ ցածր արդյունավետությամբ աչքի ընկնող պաշտոնյաներին և չինովնիկներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս, դա հանրային բարիքի յուրացո՞ւմ է, թե՞ ոչ, թե՞, եթե թալանն օրենքով է, դա նորմալ է»,- հարցրեց Թևանյանը։

Վերջինս ոչ արդար մոտեցում համարեց նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծով սահմանված ժամանակաշրջանի ընտրությունը։

«Կարծում եմ՝ պետք է գնալ մինչև 90-ական թվականներ։ Ինչ վերաբերում է նախագծով սահմանված 25 միլիոն դրամի շեմին, ապա դա նշանակում է, որ այն շատ մարդկանց վրա կտարածվի»,- նկատեց նա։

Ա. Թևանյանն արձանագրում է՝ այս օրենսդրական նախաձեռնությունն ընդամենը սեփականության վերաբաշխման մասին նախագիծ է, որն ունի մի շարք դրդապատճառներ։

«Իշխանության են եկել ագահ, կապիտալի նախնական կուտակումից դուրս մնացած շրջանակներ, իրենց հիմա պետք է կապիտալ, փող, որն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պաշտպանելու և այն հնարավորինս երկարաձգելու համար։ Այս իշխանությունը հասկանում է, որ, եթե երկրում կա փող, այն կարող է վերածվել քաղաքական կապիտալի, քաղաքական այլընտրանքի, իսկ դա մրցակցություն կպարտադրի գործող իշխանությանը, իսկ քանի որ այս իշխանությունն այլընտրանքներ չի ցանկանում, ուստի գնում է այս ճանապարհով»,- ասաց Թևանյանը։

Նա նաև վստահեցրեց՝ ՀՀ-ում չկա գրեթե մեկ մարդ, որն իր գույքի ձեռքբերման հետ կապված՝ տարբեր ժամանակներում խնդիրներ չի ունեցել. դրանք կան թե՛ կրպակի, թե ավտոտնակի ձեռքբերման հետ կապված, հետևաբար՝ այս օրենքը անդրադադառնալու է բոլորի, նաև՝ շարքային քաղաքացիների վրա։

«Եթե սեփականության վերաբաշխման գործընթացը սկսվի, ապա մենք կարող ենք ունենալ քաղաքացիական բախումներ։ Չէ՞ որ աշխարհում նման դեպքերում ոչ թե դրել են, կապիտալի ծագումն են ուսումնասիրել, այլ անցել են հանրային համերաշխության, որպեսզի կապիտալը ոչ թե փախչի երկրից, այլ նպաստի տնտեսությանը։ Այնպես որ, եթե այս գործընթացը սկսվում է, ապա սկսվում է հարևանը հարևանի, բարեկամը բարեկամի դեմ ատելության քարոզ անելու, միմյանց դեմ գործ տալու, ունեցվածք խլելու գործընթաց, ինչն այս ազգը կպառակտի»,- ասաց Թևանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը պնդում է՝ եթե խոսք է գնում պետությունից գողացվածը պետությանը վերադարձնելու մասին, և եթե նախկինների ժամանակ եղել են չինովնիկներ, որոնք իրենց այդ պահվածքով թուլացրել են պետության անվտանգային համակարգ բանակը, ապա կա Քրեական օրենսգիրք, որով կարելի է այդ հարցերը կարգավորել և նախկին չինովնիկներին ենթարկել պատասխանատվության։

Թևանյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահից և 6 դատավորներից ազատվելու հանրաքվեն ևս պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, որովհետև բարձրագույն դատարանի նկատմամբ հարձակումը պայմանավորված է նաև սեփականության տոտալ վերաբաշխման ցանկությամբ։

«Եվ սրանից ելնելով՝ հարց եմ ուզում տալ. մեր ժողովուրդը համաձա՞յն է, որ իր գլխին նստի մեկ բռնապետ, եթե համաձայն է, ապա հետո կարող է պատժվել տնտեսական և սոցիալական շատ հարցերում և թող այդ ժամանակ չբողոքի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով: «650 հազար քվե կարելի է ստանալ միայն կեղծիքներով։ Բոլոր համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները՝ վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն, այնպես որ, սիրելի՛ քաղաքացիներ, եթե այս հանրաքվեին ասում եք՝ «Այո», ապա «Այո» եք ասում Ադրբեջանի ցանկությանն Արցախի հարցով, ուզում եք, որ այս թալանչիական պարգևավճարները պահպանվեն, որ այս անգրագետ և ապաշնորհ կառավարությունը պահպանվի։ Մենք ասում ենք, որ պետք է այս հանրաքվեն ուղղղակի բոյկոտել»,- ասաց Թևանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս