«Արցախի Հանրապետությունը նախ և առաջ մենք բոլորս ենք, և բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրի ներքին խաղաղությունն արտաքին հաղթանակների ամենամեծ գրավականն է». արցախցի իրավաբան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ Արցախյան գրասենյակի ղեկավար Գոռ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել, որում խստորեն դատապարտել էր Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա հարձակումը:

«Հատկապես Արցախում անչափ կարևոր է փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտի պահպանումը և ցանկացած ապօրինի գործողություն պետք է խստորեն դատապարտվի և ստանա համապատասխան արձագանք: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին ժամ առաջ պատասխանատվության ենթարկել օրինախախտում կատարած անձանց»,- մասնավորապես գրել էր նա:

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը բացահայտել է մարտի 1-ին Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա փակցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը:

Այս դեպքի և Արցախում այս պահին տեղի ունեցող գործընթացների հետ կապված՝ 168.am-ը զրուցեց Գոռ Գրիգորյանի հետ:

«Անկեղծ ասած, երբ սկզբից լսեցի Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա այդ հարձակման լուրը, կարծեցի, թե հերթական ֆեյք լուրն են փորձում տարածել, որովհետև արցախցուն հարիր չէ նման արարք, իսկ մեր հ/կ-ն և անձամբ ես չենք ընդունում նման քարոզչության կամ հակաքարոզչության դրսևորումները»,- ասաց Գոռ Գրիգորյանը:

Վերջինս կարծում է, որ այսօր Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրն էլ հստակ պատկերացնում է կարևորագույն մի ճշմարտություն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս, իսկ ընտրողներն էլ թեկնածուներից կընտրեն նրան, ով Արցախի ճանաչման հարցում այլընտրանք չունի:

Հարցին, թե ինքը տեղյա՞կ է՝ ովքեր են եղել հարձակման հեղինակները, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ Արցախյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց, որ ամբողջական տեղեկատվության չի տիրապետում, տեղյակ է միայն, որ ոստիկանությունը բավականին շուտ է արձագանքել միջադեպին:

Գոռ Գրիգորյանն ասաց, որ Արցախի ոստիկանությունն այս պահին լիովին վերահսկում է իրավիճակն Արցախում:

«Շատ հանգիստ է ընթանում գործընթացն ամբողջությամբ»,- ասաց արցախցի իրավաբանը՝ հավելելով, որ, թեև հավաքներ ու կուտակումներ լինում են, սակայն Արցախում այս պահին նախընտրական իրավիճակը հանգիստ է:

«Արցախի Հանրապետությունը նախ և առաջ մենք բոլորս ենք, և բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրի ներքին խաղաղությունն արտաքին հաղթանակների ամենամեծ գրավականն է»,- ասաց Գոռ Գրիգորյանը՝ շեշտելով, որ Արցախում կատարյալ քարոզարշավ է ընթանում:

Տեսանյութեր

Լրահոս