«Երկու կողմն էլ պետք է պատասխանատվություն կրեն». Ահարոն Ադիբեկյանը՝ Մարտի 1-ի մասին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործը արդարացի չի քննվում, հակառակ դեպքում այժմ գործով անցնող մեղադրյալների կողքին նստած կլինեին այլ մարդիկ ևս:

«Երբ մեքենա են վառում, ցուցափեղկեր են ջարդում, սա վտանգ ունի՞, դրա նկատմամբ վերաբերմունք պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ: Ինձ ցույց են տվել կադրեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս, թե ինչպես վարվել այդ իրավիճակում: Եթե գործը դիտում ենք օբյեկտիվ, ապա Նիկոլ Փաշինյանն էլ պետք է նստի մեղադրյալների նստարանին, Լևոն Տեր-Պետրոսյանի և մնացածի հետ միասին:  Իրենք են դրդել այդ քայլերին: Խնդիրն այն է՝ իշխանության արձագանքը համաչա՞փ է եղել, թե՞ ոչ: Երկու կողմերն էլ պետք է պատասխանատվություն կրեն»,- ասաց Ադիբեկյանը:

Ադիբեկյանը պնդում է՝ զանգվածային ցույցեր կազմակերպողը պետք է պատասխանատվություն կրի այն մարդկանց համար, ում ոտքի է հանել.

«Չասես՝ սադրանք է եղել, իրենց գործակալները եկել են, այսպիսի բաներ են արել, դու պատասխանատու ես բոլորի համար: Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է իր վրայից մեղքը գցել: Ես դեմ եմ կրակոցներին, դա դաժան միջոց է, չեմ կարծում, որ դա գալիս է շարժման տրամաբանությունից, բայց կար միտում վախեցնելու, որ նման բան չլինի հետագայում: Կարծես փորձը հաջողվել է, բայց այն գինը, որը վճարեցինք, թանկ էր: Նա, ով կրակելու հրաման է տվել, պատասխան պետք է տա»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով՝ մարտի 1-ի թեման շարունակում է այսքան արդիական մնալ, քանի որ տեղեկատվական դաշտը դատարկ է, իսկ իշխանությունն օգտվում է  դրանից և այն մանիպուլյացիաներով է լցնում.

«Սուտը բազմիցս կրկնելուց դառնում է ճշմարտություն: Որտեղ նայում ես՝ մարտի 1 և Ռոբերտ Քոչարյան է»:

Տեսանյութեր

Լրահոս