«Պետք է բոլորս սթափվենք, հատկապես՝ այսօրվա մեր իշխանությունը». Դավիթ Ջամալյան

«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա ճգնաժամի ֆոնին միանգամայն տրամաբանական եմ համարում, որ Թուրքիան կարող է փորձել արցախյան հատվածում ապակայունացնել իրավիճակը՝ Ռուսաստանի համար հավելյալ խնդիրներ ստեղծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Բաքվում կայացած Էրդողան-Ալիև հանդիպմանը:

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձր մակարդակով 8-րդ խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել համատեղ ասուլիս, որի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ղարաբաղյան թեմային. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է: Մեր գլխավոր նպատակն է՝ հասնել այնպիսի կարգավորման, որը կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ Էրդողանը կարող է փորձել Ադրբեջանի և Արցախի պետական սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ռուսաստանի համար հավելյալ խնդիրներ առաջացնել. «Այսինքն՝ հիմա եթե արցախաադրբեջանական պետական սահմանին ինչ-ինչ ապակայունացման ականատես լինենք, ապա այստեղ հստակ է թուրքական ուղղորդումը: Թեպետ, ես առավել քան վստահ եմ, որ լայնամասշտաբ ռազմագործողություններ չեն վերսկսվի, բայց ինչ-ինչ սահմանափակ ուժերի ներգրավմամբ ինչ-որ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանի կողմից միանգամայն ակնկալելի են, պետք է շատ զգոն լինենք»:

Ինչ վերաբերում է էրդողանի հայտարարություններին, ապա դրանց բովանդակությունը, ըստ ռազմական փորձագետի՝ աննախադեպ չէ. «Ավանդաբար թուրք-ադրբեջանական տանդեմին բնորոշ տրամաբանությամբ արված հայտարարություններ են: Ոչ միայն Արցախի, այլև ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմն ունի շատ հստակ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումներ, սա ակնհայտ փաստ է: Ուղղակի հերթական անգամ պետք է բոլորս սթափվենք, հատկապես՝ այսօրվա մեր իշխանությունը, հասկանալու համար, որ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումները եղել են, կան և լինելու են: Թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախն օկուպացնելու և այնտեղ ադրբեջանական իշխանություն հաստատելու հարցում միասնական է: Առհասարակ, պետք է հաշվի առնենք, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը թեպետ ունի իր ուրույն ծագումնաբանությունն ու ընթացքը, իրավաքաղաքական նկարագիրը, բայց այն լայն առումով պետք է դիտարկել թուրք-հայկական քաղաքակրթական ու ժամանակի մեջ երկարաձգված կոնֆլիկտի համատեքստում:

Այսինքն՝ սա ընդհանրական, թուրք-ադրբեջանական ագրեսիվ նկրտումներով պայմանավորված անընդհատ հակամարտության մի դրվագ է: Թուրքիայի դիրքորոշումը հաստատուն է եղել և լինելու, և պետք է երկրի ռեսուրսները մոբիլիզացնել՝ այդ անընդհատ և մշտական արտաքին վտանգի պայմաններում պետականությունն ուժեղացնելու համար: Բայց հիմա, երբ շատ լուրջ և վտանգավոր զարգացումներ են ընթանում մեզնից ոչ շատ հեռու, և ռեալ վտանգ կա, որ իրավիճակը կարող է ապակայունանալ նաև ՀՀ-ում և Արցախում, երբ կա կորոնավիրուսի ռեալ վտանգը, մեր իշխանությունը զբաղված է Սահմանադրությունը փոխելու, ՍԴ դատավորներին հեռացնելու կպչուն մտքի իրագործմամբ»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ պատրաստ են կորոնավիրուսի հետ կապված ցանկացած սցենարի, նա այսպես արձագանքեց. «Հույս ունեմ՝ դա համապատասխանում է իրականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս