«Եթե արդյունք չլինի, ապա դա կլինի հերթական չարդարացված ծախսը». Վիգեն Հակոբյանը՝ Փաշինյանի ԱՄՆ այցի մասին
168.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցից ի՞նչը կառանձնացնի, հատկապես ինչո՞վ էր այն արդյունավետ, թեկուզ՝ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
Ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանն ասաց, որ այցի օրակարգը նախապես հայտնի էր, և միամտություն կլիներ ակնկալել, թե պաշտոնական հանդիպումներ կլինեն ամերիկյան այսօրվա վարչախմբի ազդեցիկ մարդկանց հետ. «Նման հանդիպումները ոտքի վրա չեն կազմակերպվում, թեպետ, իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ զբաղվում էին այդ հարցով, փորձում էին հետաքրքրություն առաջացնել Թրամփի ադմինիստրացիայում հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված նաև Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Ամուլսարի հարցի շուրջ, և բավական հստակ դիրքորոշումը, որ Ամուլսարը պետք է վերաբացվի, որովհետև ամերիկյան կողմը թե՛ դեսպանների, թե՛ պաշտոնական, թե՛ Առևտրի պալատի մակարդակներով, ըստ էության, ուղղակիորեն հորդորում էին Հայաստանի այսօրվա իշխանություններին, զբաղվել Ամուլսարի հարցով և թույլ տալ շահագործումը»:
Ըստ քաղտեխնոլոգի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ԱՄՆ մեկնել՝ Ամուլսարի հետ կապված որոշակի մեսիջներով, որոնք գուցե ձեռք կտային նաև ամերիկյան որոշ քաղաքական և տնտեսական շրջանակներին.
«Այս տեսակետից, ես կարծում եմ, որ ավելի շատ Փաշինյանն ու իր թիմակիցներն ակնկալում էին, որ այդ մեսիջները, որոնք իրենք տալիս են Թրամփի ադմինիստրացիային, կարող են լավ հիմքեր ստեղծել՝ սկսած հենց այնտեղ տեղում որոշակի աշխատանք սկսելուց, այսինքն՝ ցույց տալուց, որ՝ մենք ձեր հորդորներին դրական պատասխան ենք տալիս, և ապագայի համար որոշակի հենքեր դնելով»:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս այցը երկու հիմնական խնդիր էր լուծում. «Առաջին՝ նորից հանդես գալ՝ որպես համահայկական լիդերի կերպար, փորձելով այդ ֆոնին նաև շահագրգռել Սփյուռքի գործարար շրջանակներին, որպեսզի ակտիվացնեն ներդրումային իրենց հետաքրքրությունները: Երկրորդ՝ հանրահավաքային տակտիկայով Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ այսօրվա ամերիկյան վարչախմբին, որ բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ Սփյուռքի վարքագծի վրա, այդ թվում՝ նաև հաջորդ տարվա ընտրություններում: Նման նպատակներ այս այցն ունեցել է»:
Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի հետ կապված՝ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ասել է. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ՝ ՀՀ ազգային և պետական շահի հետ առնչություն չունեցող և գրեթէ մասնավոր այց հիշեցնող ուղևորության համար»:
Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպե՞ս է գնահատում կառավարության այս քայլը` դա շռայլությո՞ւն էր, թե՞ անհրաժեշտություն:
«Եթե այցից հետո ինչ-որ արդյունքներ լինեն՝ քաղաքական, աշխարհաքաղաքական կամ տնտեսական, ապա կարծում եմ, որ այդ գումարները որևէ մեկը չի հաշվելու, համարելու են, որ դա գրագետ ներդրում էր թե՛ երկրի իմիջի, թե՛ վարչապետի իմիջի առումով, բայց քանի որ հիմա մենք դժվարանում ենք գնահատական տալ, թե ի վերջո այս այցն ինչ արդյունքներ է տալու… Ես արդեն նշեցի, թե այս այցն ինչ նպատակներով է արվել, և եթե նման արդյունքներ լինեն, ապա այդ 350 հազար դոլարը կլինի շատ չնչին ծախս: Ես հիշում եմ, որ, երբ վարչապետի տիկինը մեկնում էր ԱՄՆ՝ տարբեր կազմակերպությունների հանդիպելու համար, նույնպես քննադատվում էր, որ ծախս է արվում, բայց հետո եղավ հաշվետվություն, և այսօրվա իշխանությունների մարտավարության մեջ կարծես թե այդ վարքագիծը կա, որ ծախսվել է այսքան, և բերվել է իքս անգամ ավել: Եթե որոշ ժամանակ հետո տեսնենք, որ արդյունք կա, ապա գուցե արդարացված էր այդ ծախսը, եթե արդյունք չլինի, ապա դա կլինի հերթական չարդարացված ծախսը»,- պարզաբանեց Վիգեն Հակոբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում