«Նման մասշտաբի միջոցառում նախկինում չի եղել». Դավիթ Տոնոյան
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվեն ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համար: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ նրա՝ որոշվելու է պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում և նախորոշել զորահավաքային նախապատրաստության միջոցառումների առաջնահերթությունները:
Նախարարը նշեց, որ նաև հայտարարվելու է պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման զորավարժություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեծ մասշտաբի միջոցառում է նախատեսվում:
Դ.Տոնոյանը նկատեց, որ նման մասշտաբի միջոցառում նախկինում չի եղել, և այն միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակի առումով:
Վարչապետը կոչ արեց հայրենակիցներին՝ ակտիվ մասնակցել միջոցառումներին.
«Սա իրականում շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է, մեր ԶՈՒ մարտունակության մակարդակը ստուգելը և բարձրացնելը: Սա պլանային, աննախադեպ, կարևոր միջոցառում է»,- ասաց նա: