«Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե. Հովիկ Աղազարյան
«Կառավարությունը, նաև մենք՝ պատգամավորներս, պետք է վստահեցնենք ջերմուկցիներին, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, և այս ամիսների ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում, մասնավորապես՝ մեր բնապահպանների կատարած աշխատանքի շնորհիվ, նշաձողը շատ բարձրացված է, և այդ նշաձողի մի թեթև իսկ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնել հանքի շահագործումը։ Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հասարակ լուծում՝ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության, և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին։
Ըստ նրա՝ եթե հանրաքվեի արդյունքում պարզվի, որ հանրության մեծ մասը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ. «Մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետների վրա, որ ունեցել է, և կհայտնվեն թիմեր, որ կասեն հստակ՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք, և այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»։
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի որ իշխանությունները ղեկավարվում են ինչ-որ արտաքին ուժերի կողմից, Հ.Աղազարյանը պատասխանեց.
«Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև հեղափոխության հենց առաջին վայրկյաններից, նախապատրաստման նույնիսկ պահերից սկսած՝ ես եղել եմ ակունքներում, և վստահեցնում եմ, որ ոչ մի արտաքին ուժ չկա, և դրանով է նաև պայմանավորված հեղափոխության հաղթանակը, որովհետև ժողովուրդը վստահությամբ լցվեց այն քաղաքական թիմի նկատմամբ, որն ինքն էր ամեն ինչ կազմակերպում, և որևէ ուժի ազդեցության տակ չէր, և չկա այդ անհանգստությունը։ Հետևաբար՝ ես չեմ կիսում Ժիրայր Սէֆիլյանի տեսակետը, որ պետք է հաջորդ տարի լինեն արտահերթ ընտրություններ»։
Հ.Աղազարյանի համոզմամբ՝ իշխանությունների նկատմամբ վստահությունը դեռևս բավականին բարձր է, ժողովուրդը, հանրությունը կարող է անվստահությամբ լցվել իր, որևէ մարզպետի կամ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր.
«Ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Բայց դա քաղաքակիրթ լուծում է, որպեսզի բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին, ընդունեն, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի բավականին բարձր աստիճան, և հետևաբար՝ վստահեն, որ կառավարությունն իրականացնի այն քաղաքական ու տնտեսական կուրսը, որ այսօր որդեգրել է»։
Պատգամավորի կարծիքով՝ թեև շատերն ասում են՝ սփյուռքից գումարներ կբերեն, միայն թե հանքը չբացվի, բայց այստեղ նաև պետության հեղինակության հարց է։