Դավիթ Խիթարյանն ընտրվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժ\պ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացվում է Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում 4 հիմնական հարց է՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն:
Նիստի հենց սկզբին Կանոնադրության 57-րդ կետը փոփոխության ենթարկելու վերաբերյալ առաջարկ արվեց, ըստ որի՝ Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում և (կամ) գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը:
Հոգաբարձուների խորհրդի անդամ, իմքայլական Էռնեստ Ավանեսովն ասաց, որ հարցը բերվում է օրինական դաշտ՝ այդ փոփոխությունն անելով:
Նիստը վարող Ռոլանդ Շառոյանն ասաց, որ նման կարիք չկա, և ըստ նրա՝ պարզ է, թե ինչու է դա արվում:
Օրակարգը հաստատվեց առաջարկված փոփոխություններով:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեց Ռոլանդ Շառոյանը՝ Ռոման Մուրադյանին: Նա միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի թեկնածու Ռոլանդ Շառոյանը առաջադրեց Արայիկ Գյոզալյանին, սակայն Գոհար Մամիկոնյանն առաջադրեց բուհի ուսանողուհի Դիանա Ալեքսանյանի թեկնածությունը: Դիանա Ալեքսանյանն ընտրվեց խորհրդի քարտուղար:
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը՝ 16 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ:
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեց Դավիթ Խիթարյանը: Նա միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: