«Հայաստանը չի պատրաստվում զորախումբը դուրս բերել Սիրիայից, իսկ ԱՄՆ-ը այդ հարցում ունի կոշտ դիրքորոշում». Սուրեն Սարգսյան
ԱՄՆ-ը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները և չտեղեկացնելով Ռուսաստանին և Թուրքիային, ավիացիոն հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի Մաարեթ-Միսրին և Քաֆեր-Խայա բնակավայրերի միջև ընկած շրջանում: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ի առավոտյան 6-ից Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ սիրիական բանակը միակողմանիորեն հայտարարել է դեէսկալացիայի գոտում հրադադարի մասին, ինչի մասին տեղեկացրել է հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչներին: Ենթադրվում էր, որ զինադադարը թույլ կտա խաղաղ քաղաքացիներին լքել Իդլիբը՝ մարդասիրական միջանցքով:
Հաղորդվում է, որ մեկ օրում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիան դադարեցրել է Իդլիբի ուղղությամբ թռիչքները, մինչդեռ, ինչպես տեղեկացնում է կենտրոնը, կիրակի ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել բնակավայրերին, որոնց արդյունքում բազմաթիվ զոհեր կան:
Ամերիկյան կողմը, սակայն, հայտարարել է, որ հարվածի ժամանակ ոչնչացվել է «Սիրիայում «Ալ-Քաիդա» խմբավորման կառավարման կետը», որը սպառնում էր ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր գործողություններով սպառնալիքի տակ է դրել հրադադարի ռեժիմի հետագա պահպանումն Իդլիբի դեէսկալացիայի գոտում: Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած զինված խմբավորումների կողմից ամերիկյան հարվածի հետևանքով առաջացած գնդակոծություններին՝ սիրիական զորքերը պահպանում են մարտական գործողություններ վարելու մորատորիումը: Ավելի ուշ հաղորդվել էր բազմաթիվ զոհերի մասին, որոնց հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
Այս իրավիճակում հայկական կողմը ոչ միայն չի պատրաստվում զորախումբը դուրս բերել Սիրիայից, այլև առաջիկայում երրորդ հերթափոխն է մեկնելու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Սիրիայում հայկական զորախմբի կատարած մարդասիրական աշխատանքների մասին.
«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում՝ իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն»:
168.am–ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ հայկական զորախմբի Սիրիայում գտնվելն աջակցություն է Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, որին բացասական է վերաբերվում ԱՄՆ-ը: «Կասկած չկա, որ Հայաստանի այս ժեստն ուղղված է հենց ՌԴ-ին: ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում բացասական է, որովհետև ԱՄՆ-ում կարծում են, որ հայկական ՊՆ-ի ներկայացուցիչները կամ այդ հումանիտար միավորը չպետք է գտնվի Սիրիայի տարածքում, որովհետև իրականում այն այլ նպատակների է ծառայում: Ըստ ԱՄՆ-ի՝ դա նաև յուրահատուկ աջակցություն է Սիրիայի գործող իշխանություններին: ԱՄՆ-ը այդ հարցում ունի կոշտ դիրքորոշում և դրա մասին ամենատարբեր խողովակներով հայտնել է»:
Ինչ վերաբերում է ավիահարվածներին, որոնք ԱՄՆ-ը հասցրել է Իդլիբի տարբեր հատվածներում, ապա, ըստ Սուրեն Սարգսյանի՝ դա լարվածության նվազեցմանը չի օգնի, ընդհակառակը՝ կխանգարի. «Մանավանդ, եթե համաձայնություն չի եղել, եթե պայմանավորվածություն չի եղել: Իհարկե, հարվածներ հասցրել են այն հատվածում, որտեղ հայկական պաշտպանության ներկայացուցիչներն ու սակրավորները չկան, բայց համենայնդեպս, սա բավականին բարդ գործընթաց է, և եթե չլինի կողմերի միջև երկխոսություն, գործողությունների համակարգված իրականացում, ապա, իհարկե, սա բացասական հետևանքների կարող է բերել»:
Միջազգայնագետը չի կարծում, թե հիմա Հայաստանը պատրաստվում է Սիրիայից դուրս բերել մեր սակրավորներին և բժիշկներին. «Իհարկե, դրա հիմնավորումն այն է, որ նրանք բավականին լուրջ աշխատանք են կատարում՝ հարյուրավոր մարդկանց կյանք են փրկում՝ ականազերծելով և բժշկական օգնություն ցուցաբերելով: Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, և չեմ կարծում, որ Հայաստանն այս պահի դրությամբ հնարավորություն ունի կամ կարող է զորախումբը դուրս բերել Սիրիայի տարածքից, որովհետև որքան բարդ էր այնտեղ մտնելը, դրանից կրկնակի բարդ է զորախումբը դուրս բերելը, և կարծում եմ՝ երրորդ հերթափոխն էլ առաջիկայում կմեկնի, ու ԱՄՆ-ի կողմից նորից կոշտ արձագանքներ կլինեն»: