Ավտոմեքենաների մաքսազերծման թանկացումը չի՞ հետաձգվի

Որքան տարին մոտենում է ավարտին, այնքան մեծանում է լարվածությունն ավտոներկրողների շրջանում: 2020-ից ԵԱՏՄ կանոնակարգերով նախատեսվող ավտոմեքենաների մաքսավճարի կտրուկ բարձրացման պատճառով Հայաստան ավտոմեքենաների հոսքը հետզհետե ավելանում է, Փոթիում արդեն զգալի կուտակումներ կան, իսկ հատկապես Ճապոնիայից բերվող մեքենաները դեռ պետք է հասցնել՝ նախքան ՀՀ ներկրելը Վրաստանում փոխել աջ ղեկի դիրքադրումը: Իսկ կախված ավտոմեքենայի մխոցի հզորությունից, թանկացումը կարող է լինել 5 անգամ:  Ավտոներկրողները կառավարությունից սպասում են քայլերի՝ եթե քաղաքացին ոչ իր մեղքով չհասցնի մեքենան ներմուծել, ի՞նչ է լինելու այդ մեքենայի հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Փամբուխչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կանոնակարգի կիրառման ժամկետների հետ կապված՝ մի քանի անգամ ակնարկ եղել է ռուսական կողմի հետ, բայց քանի որ ՀՀ-ին այդ արտոնությունը նախապես տրվել էր 5 տարով, այժմ ՀՀ պարտավորությունն է՝ կիրառել տեխնիկական կանոնակարգերը:

«Իմ անձնական կարծիքով՝ այժմ չի աշխատի, եթե մենք նորից սկսենք խնդրել երկարաձգել ժամկետները: Մենք ՌԴ համապատասխան հանձնաժողովի հետ հարցը մի քանի անգամ բարձրացրել ենք, բայց իրենք պատասխանում են, որ, թեև ամբողջովին հասկանում են, բայց արտոնյալ ժամկետ նախապես տրվել է, և հիմա փաստացի Հայաստանից մեքենաները գնում են ԵԱՏՄ մյուս երկրներ, ինչը նպատակահարմար չէ»,- ասաց Ա. Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ մի քանի օրից ՊԵԿ-ն ամբողջությամբ իրադրությունը կներկայացնի քաղաքացիներին, թե ինչ է տեղի ունենալու 2020-ին. «Պետք է մի փոքր սպասենք և կտեսնենք՝ ինչ կլինի: Ամեն դեպքում՝ մենք ռուսական կողմի հետ ամեն շփման ընթացքում այդ հարցը բարձրացրել ենք, բայց ոչ դրական պատասխաններ ենք ստացել»:

 

Տեսանյութեր

Լրահոս