Ուր է գաղտնի զեկույցը

Այս ամսվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե 2014թ. պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ և, որոշ իմաստով, նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:

«Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Երբ կարդում ես այս փաստաթուղթը, հետևությունը սա է՝ հեղափոխությունից առաջ և, որոշ իմաստով, նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»,- ասել էր Փաշինյանը:

Այս հայտարարությունից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմեց վարչապետին՝ խնդրելով տրամադրել այդ գաղտնի զեկույցի օրինակը։

168.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ արդյոք ստացե՞լ է պատասխան Նիկոլ Փաշինյանից։

«Ոչ, նորություն չկա։ Մեզ պատասխան դեռևս չի եկել»,- ասաց Մարուքյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունը չի կարող չպատասխանել, կա՛մ պետք է տան, կա՛մ պատասխանեն, որ չեն տալիս. «Եթե մինչև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեզ տրամադրած չլինեն այդ գաղտնի զեկույցի օրինակը, հարցը հրապարակային կտանք։ Ամեն դեպքում, այդպես չի մնա, որ մենք քնենք, իրենք չպատասխանեն, մենք էլ ձայն չհանենք։ Մենք հետևողական ենք, և եթե ժամկետն անցնի, տեղյակ կպահենք, որ ժամկետն անցել է, չկա այդ նյութը, տվեք»։

Նկատենք, որ Ն.Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո գաղտնի զեկույցի մասին իշխանություններն այլևս չեն հիշատակել։

Տեսանյութեր

Լրահոս