Ինչո՞ւ է այս տարի արդեն երրորդ անգամ տուգանվում Գյումրու ռուսական ռազմաբազան

Գյումրու ռուսական ռազմաբազան այս տարի արդեն երրորդ անգամ է տուգանվում. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) թվով երրորդ ՀԴՄ տուգանքն է գրել: 168.am-ի հետ զրույցում ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ, եթե ռազմաբազան համաձայն չէ, թող դիմի բողոքարկման հանձնաժողով, տուգանքի հիմքերը հասկանա՝ ճի՞շտ են տուգանել, թե՞ ոչ:

«Եթե խնդիր է հայտնաբերվել, ապա, բնականաբար, պետք է ընկերությունը տուգանվի: Եթե այդ ցանկում այդ ընկերության անունը կա, ինչպես մյուս բոլոր ընկերությունների, ուրեմն այն օրենքի տառի խախտում է ունեցել և տուգանվել է»,- ասացին ՊԵԿ լրատվականից:

Որոշ շրջանակներ սա համարում են քաղաքական ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն, այդ կարծիքին չէ: 168.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ, եթե ռուսական ռազմաբազայից որևէ բողոք չկա, կարելի է ենթադրել, որ ռուսական կողմն ինքն էլ է համաձայն, որ խախտումներ է անում և տուգանվում է:

«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանի իշխանություններն ինչ-որ չափով արձագանքում են ռուսական ռազմաբազայի կողմից թույլ տրված անօրինականություններին: Ես ասել եմ ու կրկնում եմ՝ մեր անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը գտնվում է իմ հարազատ Գյումրի քաղաքում:

Բայց խնդիրն այն է, որ ռուսական ռազմաբազան իրեն արտոնյալ չպետք է զգա ոչ մի առումով, այդ թվում՝ ՊԵԿ-ի հետ հարաբերություններում: Չեմ ուզում քաղաքական ենթատեքստ տեսնել: Եթե ռուսական ռազմաբազան գործում է օրենքի շրջանակներում, ապա եթե նրան անօրինական կամ քաղաքական ենթատեքստերի ներքո տուգանեին, համոզված եմ, որ ռուսական կողմն անպայման դրան կարձագանքեր: Բայց քանի որ Գյումրու ՌԴ ռազմաբազան արդեն երրորդ անգամ տուգանվում է, և ռուսական կողմից որևէ արձագանք չկա, ապա իրենք մեխանիկորեն ընդունում են իրենց մեղավորությունը»:

Ճշտող հարցին՝ երբ նշում է՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի կողմից թույլ տրվող անօրինականությունների մասին, ի՞նչ նկատի ունի, քաղաքագետը պատասխանեց.

«Ես նկատի ունեմ նույն Պերմյակովի դեպքը, դրանից առաջ տեղի ունեցած բազմաթիվ խոշոր և մանր հանցագործությունները, որոնք Հայաստանի տարածքում և հատկապես՝ Գյումրի քաղաքում գործում են ռուս զինվորականները: Դրանք և՛ սպանություններ են, և՛ վրաերթեր են, և՛ վեճեր են, որոնք ծագում են ռուս զինվորականների և ՀՀ քաղաքացիների միջև: Բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, և մենք տեսնում ենք, որ այդ ընթացքում նույն ռուս զինվորականները չեն պատժվում դրա համար, կամ եթե պատժվում են, մենք դրա արդյունքները չենք տեսնում, որովհետև պաշտոնական Մոսկվան նրանց շատ արագ էվակուացնում է Հայաստանից, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ՌԴ տարածք տեղափոխվելով՝ նրանք իրենց պատիժը կրում են: Այնպես որ, եթե ՊԵԿ-ի առումով պաշտոնական Մոսկվան չի արձագանքում, ես չեմ ուզում Հռոմի պապից կաթոլիկ երևալ և այս ամենը քաղաքականացնել»:

Տեսանյութեր

Լրահոս