«Հոկտեմբերի 2-ին կարելի էր ԱԺ տարածքում հավաք անցկացնել, ճնշում գործադրել այն ժամանակվա ԱԺ-ի վրա, իսկ հիմա չէ՞ր կարելի». Ավետիք Իշխանյան
«Հավաքն ինքնաբուխ էր ու խաղաղ: Հավաքի մասնակիցները ցանկացան քննարկում կազմակերպել ԱԺ բակում, բայց թույլ չտվեցին: Ինչո՞ւ թույլ չտվեցին ԱԺ տարածքում անցկացնել հավաք: Հոկտեմբերի 2-ին կարելի էր ԱԺ տարածքում հավաք անցկացնել, ճնշում գործադրել այն ժամանակվա ԱԺ-ի վրա, իսկ հիմա չէ՞ր կարելի»,- այսօր «Պայքար՝ հանուն Ամուլսարի. գնահատականներ Ոստիկանության գործողություններին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա ընդգծեց՝ հավաքը խաղաղ էր, և գոյություն ունեն խաղաղ հավաքի հետևյալ սկզբունքները՝ եթե հավաքը խաղաղ է և ինքնաբուխ է, ապա այն ցրել չեն կարող: «Առնվազն 6 ժամ ոստիկանությունը պետք է սպասեր, 6 ժամ հետո նոր կարող էր ցրել: Խաղաղ հավաքը ցրելու ի՞նչ իրավունք ուներ ոստիկանությունը»,- ասաց Իշխանյանը՝ ընդգծելով՝ Ոստիկանության կիրառած ուժը համաչափ չէր:
«ԱԺ դարպասները փակելը կամայականությո՞ւն է եղել Ոստիկանության կողմից, թե՞ հրահանգ է եղել: Ես համոզված եմ, որ Ոստիկանությունն ինքնուրույն չէր փակի դա, դա եղել է հրահանգ: Հավաքը ցրելը եղել է ինքնուրո՞ւյն, թե՞ հրահանգով. իհարկե եղել է հրահանգով:
Երկու դեպքում էլ հիշենք, թե Ոստիկանությունը Հայաստանում դե յուրե ինչ կարգավիճակ ունի: Ոստիկանությունն օրենքով վարչապետին կից կառույց է, և առանց վարչապետի հրահանգի՝ նրանք որևէ գործողություն չեն անում: Ես փաստերն եմ նշում, եզրակացությունները թողնում եմ ձեզ: Ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն, ապա եթե մենք լինեինք իրավական պետություն, ապա այդ դեպքերը պետք է քննության արժանանան:
Հիմա հարց՝ ո՞ւմ կողմից պետք է քննության արժանանան, ՀՔԾ-ի՞ կողմից, իսկ նա ո՞ւմ է ենթակա, ո՞ւմ հրահանգով պետք է գործի: Եվ ինչի՞ համար նոր Հայաստանում նույն «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի գործերը կասեցվեցին, որովհետև եթե չկասեցվեին, և պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեին, Ոստիկանությունն էլ նման գործողությունների չէր դիմի»:
Նա ընդգծեց, որ Ոստիկանությունը պետք է լինի պառլամենտական վերահսկողության տակ. «Եթե Բաբլոյանը նախորդ տարի զանգ էր տալիս ոստիկանապետին, նա կպատասխաներ, որովհետև պառլամենտական վերհսկողության տակ է»: