Սաքունցը մտահոգված է. նա հարցեր ունի վարչապետին

«Հենց սկզբից, երբ հեղափոխությունից հետո Փաշինյանն Օսիպյանին նշանակեց ոստիկանապետ, ես արդեն նման մոտեցումը քննադատում էի: Բայց մենք շարունակաբար ներկայացնում էինք դատաիրավական համակարգը փոխելու մասին հարցը, որովհետև մեկ անձի փոփոխելով՝ համակարգը չես կարող համարել փոփոխված»,- այսօր «Պայքար՝ հանուն Ամուլսարի. գնահատականներ Ոստիկանության գործողություններին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ընդգծելով՝ Ոստիկանությունը չպետք է ենթարկվի անմիջապես վարչապետին:

Նրա խոսքով՝ Ոստիկանության համակարգը մնացել է նույնը. «Ոչ մեկը թող չհամոզի, որ թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանապետը կամ ինչ-որ կառույց ոստիկաններին սովորեցրել են, թե ինչպես պետք է պահեն իրենց հանրային միջոցառումների ժամանակ՝ լրագրողների կամ քաղաքացիների նկատմամբ»:

Իրավապաշտպանն առավել մտահոգիչ է համարում այն, որ ԱԺ տարածքը փակվեց ցուցարարների առաջ.

«Առավել մտահոգող է, որ ԱԺ տարածքը, որը բացվել էր հոկտեմբերի 2-ին, հիմա փակվում է: Բաց տարածքները երբ փակվում են՝ քաղաքական որևէ կոնյունկտուրայից ելնելով, դա արդեն մտահոգիչ է, դա խոսում է ինստիտուցիոնալացման մասին, որ Ոստիկանությունը կարող է ցանկացած պահին այդ տարածքները փակել քաղաքացիների համար կամ ընտրողաբար թույլ տալ՝ ելնելով տվյալ քաղաքականության նկատմամբ այդ քննարկման կամ տարածքն օգտագործողների վերաբերմունքից:

Ես այստեղ մի շարք հարցեր կուզեի հրապարակավ հղել անձամբ վարչապետին՝ ինչպիսի՞ն է իր գնահատականը ոստիկանության գործողություններին, որովհետև ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես իրեն: Բռնությունները և ոչ օրինաչափ գործողությունները լրագրողների և քաղաքացիների նկատմամաբ պետք է անպայման իրավական գնահատական ստանան, բայց այստեղ քաղաքական պատասխանի մասին է խոսքը, որի հիմնական պատասխանատուն վարչապետն է, և ամեն ինչի վերաբերյալ պետք է հստակ իր մոտեցումները ներկայացնի»:

Տեսանյութեր

Լրահոս