«Նման խումբ կարող է ստեղծվել ոչ ֆորմալ, բայց չեմ կարծում, որ այս պահին նման անհրաժեշտություն կա». Վահագն Թևոսյան
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն օրերս առաջարկել էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, ստեղծեն կանաչների անկախ պատգամավորական խումբ:
«Այսպես էն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգն օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով: Մերժել՝ մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով՝ կստեղծվի նաև ՀՀ ԱԺ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր Խառատյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, ով Ամուլսարի հանքի շահագործումը չի բացառում որոշակի պայմանների բավարարման դեպքում, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կանաչների խմբին պետք է նայել ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում՝ արդյոք հնարավո՞ր է անել, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ օրենքը չի տալիս նման հնարավորություն, և եթե ստեղծվի նման խումբ, ապա այն կլինի ոչ ֆորմալ։
«Նման խումբ կարող է ստեղծվել ոչ ֆորմալ, բայց չեմ կարծում, որ այս պահին նման անհրաժեշտություն կա, քանի որ ակտիվ քննարկումների փուլ է գնում»,- ասաց նա։
Վ. Թևոսյանը բացառեց «սորոսական» կամ որևէ այլ թևերի առկայությունը խմբակցությունում.
«Թևեր չկան՝ որպես այդպիսին։ Կան տարբեր կարծիքներ ունեցող խմբեր, պատգամավորներ, բայց դա հարափոփոխ է, որովհետև տարբեր հարցերի շուրջ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն»։