Բաժիններ՝

«Բայց էլի ստացվեց, որ հայտնի բիզնեսմենները, հա՞, օգտվեցին այդ ծրագրից». Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին

«Այս ուսումնական տարում Երևանի համար նախատեսել ենք մոտ 14 հազար աշակերտ: Ընդունելությունն օգոստոսի վերջին կավարտվի»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր ներդրած նոր համակարգն արդեն այս տարվա մայիսից աշխատում է: Հիմա դրանով են գրանցվում: Ծնողն այլևս շփում չի ունենում դպրոցի հետ, մտնում, տեսնում է՝ որ դպրոցում տեղ կա, գրանցում է, 15 օրվա ընթացքում փաստաթղթերն է տանում, բայց սա էլ ենք ուզում էլեկտրոնային դարձնել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս առումով բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել, և մի դեպք պատմեց. «Համակարգը ներդնելուց հայտնի բիզնեսմեններից մեկը հետո փողոցում մոտեցավ ինձ, ասաց՝ եղբայրս ուզում է ձեզ շնորհակալություն հայտնել, ասացի՝ ինչի՞ համար, նշեց, որ երեխային մի վայրկյանում գրանցել են: Ասում է՝ նախկինում եթե ուզում էինք մեզ համար ցանկալի դպրոց տանել, 47 հոգի պետք է միջնորդեր, պետք է զանգեինք նախարարին, հիմա առանց որևէ խնդրի մտել ենք և գրանցել»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ բայց էլի ստացվեց, որ հայտնի բիզնեսմենները, հա՞, օգտվեցին այդ ծրագրից:

Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ բոլորի համար հավասար հնարավորություններ են ստեղծվել. «Նույնիսկ այն անհասանելի դպրոցները, որ ասում էին՝ էլիտար են, ձեր երեխան չի կարող ընդունվել, հիմա բաց են բոլորի համար: Հիմա արտաքին միջամտություն չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս