Բաժիններ՝

«Դպրոցը հո միայն շենքը չէ՞, բովանդակությունն էլ է կարևոր». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նախարար Հարությունյանը նշեց, որ Համաշխարհային բանկի ծրագրով 7 դպրոցի վերակառուցման ծրագիրն արդեն սկսված է.

«Սա ավագ դպրոցների վերակառուցման ծրագիրն է: Խնայված գումարներից 8-րդ դպրոցն էլ ենք ավելացրել՝ Էջմիածնի 5-րդ դպրոցը, որը համարվում է մեր լավագույն ավագ դպրոցներից մեկը»:

Հարությունյանը նշեց, որ հաջորդ տարի 21 փոքր դպրոց կկառուցվի՝ գյուղական համայնքներում.

«Նախկին դպրոցները շատ վատ վիճակում են: Արդեն ցանկը կա, տարբեր մարզերի դպրոցներ են: Նախարարության հնաբնակներին հարցրի՝ նման ծավալի աշխատանք արդյո՞ք նախկինում կատարվել է, ասում են՝ ոչ, սա աննախադեպ  ծավալների աշխատանք է»:

Փաշինյանը նկատեց՝ դպրոցը հո միայն շենքը չէ՞, բովանդակությունն էլ է կարևոր. «Մենք մասնագետների խնդիր ունենք, որոնք հեռավոր գյուղերի դպրոցներում աշխատելու չեն մեկնում: Աշխատավարձերի խնդիր ունենք, դրա լուծումը ո՞նց ենք պատկերացնում»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի քանի մոդելներ պետք է կիրառել. «Մեկը հեռահար ուսուցումն է. կազմակերպվում է կենտրոն, մասնագետները հավաքվում են, ունենում են տեխնիկական հնարավորություն կապվելու այն դպրոցի հետ, որտեղ կա ուսուցչի կարիք, և տեսազանգի միջոցով տվյալ դասաժամին կապվում են տվյալ դասարանի հետ: Հեռահար ուսուցման այլ մոդելներ էլ կան: Բովանդակության հետ կապված ԵՄ ծրագրով և Համաշխարհային բանկի ծրագրերով չափորոշիչների փոփոխություն է լինելու: Հիմա խմբերը ձևավորված են և աշխատում են այդ ուղղությամբ:

Մենք նախատեսում ենք մինչև 2023թ. ծրագրերի, դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն կունենանք: Նոր դասագրքեր այս տարի չենք ունենալու, բայց թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս