«Անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է, և պետք է շնորհակալություն հայտնել մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, հայկական զինված ուժերին». Թևան Պողոսյան
«Իրականում զարմանալի չէ, որովհետև իսկապես առաջնագծում դիրքերն ամրապնդվում են, ամեն օր աշխատանք է տարվում, բոլորն էլ գիտակցում են, որ պատերազմը չի ավարտվել, իսկ անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է, և պետք է շնորհակալություն հայտնել մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, հայկական զինված ուժերին»,- 168.am-ի հետ զրույցում հատարարեց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանագծում հայկական զինված ուժերի դիրքերի բարելավմանը և 140 հեկտարի գրավմանը։
Նա անընդունելի համարեց հասարակության որոշ խմբերի կողմից այս ձեռքբերումը «մերոնք» և «ձերոնք»-ի բաժանելու փորձերը։
Թ.Պողոսյանի խոսքով՝ անցած տարվա ընթացքում այնքան բաժանումներ են տեղի ունեցել, խոսում էին «սևերի» ու «սպիտակների» մասին, սակայն պետք է գիտակցել, որ առնվազն անվտանգության իմաստով և մեր երկրի պաշտպանության իմաստով պետք է երազել միայն միասնականության մասին, քանզի չունենք այլ հայրենիք.
«Ինքս համարում եմ, որ չունենք «յան» ազգանունով թշնամի։ Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ գտնենք այն ունակությունը, զսպվածության կետը, որ հասկանանք՝ արդյո՞ք մի բան գրենք, նախկինին ասենք՝ այ սենց սխալ ես արել, ես քեզ վերադարձնում եմ, թե՞ փորձենք մեր վարքագծով ապացուցել, որ ունենք մի երկիր, որի համար պատասխանատու ենք։ Ցանկանում ես տեսնել փոփոխություն, դարձիր այդ փոփոխությունը։ Ես կարող եմ հասկանալ՝ ինչու է դա տեղի ունենում, բայց կոչ կանեմ, որ ամեն մեկս մեր տեղում այդ վարքագիծը ցուցաբերենք և չբաժանենք, և կասեմ՝ կեցցե՛ն։ Առաջնագծում չկա այդ բաժանումը»։
Դիտարկմանը, որ ադրբեջանական աղբյուրները հերքում են հայկական դիրքերի առաջխաղացումը, Թ.Պողոսյանը պատասխանեց.
«Կներեք, ադրբեջանական լրատվամիջոցների մանիպուլյացիաների մասին առաջին անգամ չենք իմանում, իրենց չպետք է վստահենք։ Այստե՛ղ պետք է բաժանել «մերոնց» ու «ադրբեջանցիների»։ Ես վստահում եմ հայկական կողմին»։