«Ըստ երկու տարբեր կազմակերպության ախտորոշման՝ «Ամուլսարի» վտանգը կառավարելի է». Ալեն Սիմոնյան
«Ըստ երկու տարբեր կազմակերպության ախտորոշման՝ «Ամուլսարի» վտանգը կառավարելի է: Բնապահպանները միշտ պայքարելու են, ու դա լավ է, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը լինի թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում բնապահպանական մակարդակով ամենաբարձրերից մեկը»,- այսօր Ամուլսարի հարցով վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ մտավախություն չունի՞ իշխանությունը, որ սա իր թիմում կարող է պառակտումների պատճառ դառնալ, նա պատասխանեց. «Մենք մշտապես ապրել ենք մի իրավիճակում, երբ դուք մեղադրել եք նրանց, որ «կնոպկա» սեղմող են: Հիմա կա մի իշխանություն, որն իր մեջ բանավեճ է ունենում և դա ունենում է հրապարակային, արդյո՞ք սա չէ ժողովրդավարությունը»:
Իսկ հարցին՝ եթե նախնական փուլում լիներ այս խոսակցությունը, այսօրվա իշխանությունը թույլ կտա՞ր այնտեղ նման հանքի շահագործումը, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ես գործադիրի անդամ չեմ, ես ուղղակի ներկայացնում եմ խմբակցության ներսում տեղի ունեցած քննարկումը: Ես վստահ չեմ, որ, եթե ժամանակը ետ պտտեինք, այս ամեն ինչին գնայինք, բայց սա իմ կարծիքն է»: