««Հայաստան» ասելով՝ այստեղ վարչապետն ի նկատի ունի Հայաստանը՝ որպես աշխարհագրական, պատմական և մշակութային միավոր». Միքայել Զոլյան
«Կարծում եմ՝ որևէ նորություն չկա Ադրբեջանի այս գործելակերպի մեջ։ Միանգամայն սպասելի էր, որ Ադրբեջանը փորձելու է հակադարձել վարչապետի հայտարարությանը։ Սակայն, կարծում եմ, ամեն դեպքում այն փաստը, որ նման հայտարարություն հնչեց, շատ կարևոր է։ Հայաստանցիների և արցախցիների, ինչպես նաև սփյուռքի հայության ճնշող մեծամասնությունն այդ կարծիքին է, և դա որևէ մեկի համար նորություն չպետք է լինի։ Վարչապետն ընդամենն արձանագրեց այդ իրողությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և դրանց կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ՄԱԿ և ԵԱՀԿ դիմելու հանգամանքին։ Բաքուն Ն.Փաշինյանի ելույթը որակում է «իրավիճակի սրում ու կարմիր գծից անցում»։
Ըստ նրա՝ Ն.Փաշինյանի խոսքում հնչած մտքերը, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ է, պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և «Արցախը Հայաստան է, և վերջ», որևէ ձևով չեն հակասում հակամարտությունը խաղաղ ձևով լուծելու հայկական կողմի պատրաստակամությանը.
«Բանակցությունների համար անհրաժեշտ է, որ կողմերն իմանան միմյանց դիրքորոշումները, և այն, որ մենք անկեղծ հայտնում ենք մեր դիրքորոշումները, միանգամայն նորմալ է։ Այս ամենով հանդերձ, կարևոր է ճիշտ հասկանալ այս հայտարարությունը։ «Հայաստան» ասելով՝ այստեղ վարչապետն ի նկատի ունի Հայաստանը՝ որպես աշխարհագրական, պատմական և մշակութային միավոր։ Երբ խոսքը գնում է քաղաքական միավորների մասին, նա հստակորեն օգտագործում է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն բառերը։ Սա ևս շատ հստակ է, և ցանկացած այլ կարծիք կա՛մ թյուրըմբռնման արդյունք է, կա՛մ գիտակցված մանիպուլյացիա»։
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը՝ իր զինծառայողի վիրավորվելու մասին, ինչը հերքել է ՀՀ ՊՆ-ն, Մ.Զոլյանը նշեց, որ դա առանձնապես մեկնաբանության հարց չէ.
«Սա ադրբեջանական պետական մարմինների սովորական գործելակերպն է, և որևէ նորություն ես այդտեղ չեմ տեսնում»։