ԱՄՆ այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի՞ Թրամփին. պարզաբանում է Զոհրաբ Մնացականյանը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բանակցային դինամիկ տեմպը շարունակական է, թվարկեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս տարվա ընթացքում ունեցած բոլոր հանդիպումները:

Հարցին` ե՞րբ է նախատեսվում ՀՀ և Արդբեջանի առաջանորդների կամ ԱԳ նախարարների հանդիպումը, նա պատասխանեց. «Պիտի խնդրեմ ձեզ, որ մի փոքր համբերությամբ լցվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում, երբ հայտարարվում է հանդիպման մասին այն ժամանակ, երբ օրն ու ժամը համաձայնեցված է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ԱՄՆ այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի՞ Թրամփին:

«ԱՄՆ կառավարման համակարգը շատ լավ հասկանում եք, այդ առումով այս տարվա ընթացքում այն շարունակայնությունը և մակարդակը երկխոսության սկզբունքորեն մեզ բավարար է:

Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպմանը՝ դա եղել և մնում է մեր օրակարգում, վստահ եմ՝ այդ պահը կգա: Բայց նույնիսկ ներկայիս դինամիկային եթե գնահատական տանք, տեսնենք՝ ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներում ու ինչ հաճախականությամբ, այդ առումով որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ չենք ունեցել այս տարվա ընթացքում: Սա նույնպես շարունակական է: Մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, ունենք որոշ խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում են հաջորդ քայլերին, բայց սա նորմալ է երկու գործընկերների միջև, թե միջազգային, թե երկկողմ օրակարգի շրջանակներում այդ հարցերը քննարկման առարկա են»,- պարզաբանեց Զոհրաբ Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս