«Այսպես չի կարող շարունակվել». Հայկ Մարությանը ժամանակ է տվել «ՍանիՏեքին»
«Մենք պատվիրել ենք 8000 պլաստմասսե աղբաման, որովհետև դա ավելի մատչելի է: Բարձր որակի աղբամաններ ենք բերում: Բերում ենք նաև մեքենաներ: Իսկ «ՍանիՏեքի» հետ բանակցությունները մինչ այժմ որևէ արդյունք չեն տվել: Նրանց գործողություններն անտրամաբանական են»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հայկ Մարությանին լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարո՞ղ ա՝ որոշ մարդիկ, որ Լիբանանում հետախուզման մեջ են, գումարի կարիք ունեն: Կամ Բադեն-Բադենում են… դե, իրենց հաշիվները կալանքի տակ են: Ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ: Այս ամբողջ պատմությունը լսելով՝ տարօրինակ են թվում նաև որոշ ակցիաներ: Սա անտրամաբանական է: Այստեղ պետք է շատ վճռական լինենք, որ որևէ մեկը չմտածի, թե կարող է էժան շանտաժների գնալ: Այս ամբողջ պատմությունը իմանալով, ես կարևոր եմ համարում, որ չնայած քննադատություններին, այդ 16 մեքենան բերել եք ու շարունակում եք այդ պրոցեսը: Երբ աղբի հարցը բերեք տանելի վիճակի, այդ ժամանակ նոր կհասկանանք՝ ինչ է կատարվում»:
Մարությանն ասաց, որ բերված 16 մեքենան աշխատում են 24 ժամ. «Ոչ ոք չգիտի, թե «ՍանիՏեքի» հետ պատմությունն ինչպես կվերջանա: Այս պահին այն գումարը, որ մենք ծախսում ենք՝ աղբահանությունն իրականացնելու համար, այդ չափով գումար «ՍանիՏեքը» չի ստանալու: Մեր իրավաբանական թիմը շատ վստահ ասում է, որ ամեն պահի մենք կարող ենք խզել, լուծել պայմանագիրը: Մենք մոտակա ժամանակներում պետք է այս հարցը լուծենք, դրա համար իրենց ասել ենք՝ ունեք ժամանակ, մտածեք, ուզո՞ւմ եք Երևանում աղբահանություն իրականացնել, թե՞ ոչ, որովհետև այսպես չի կարող շարունակվել: Եթե լավացնեն իրենց աշխատանքը, կշարունակեն աշխատել»: