
«Եկել է պատասխան տալու ժամանակը. տվեք այդ պատասխանը, թե ինչու երկիրն այս օրը հասցրիք». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ՀՀ տարածքում երաշտ է, որի մասին կառավարությունը պարտավոր էր հայտարարել, բայց լռում է:
Հ. Բերբերյանը հիշեցրեց՝ նույն խնդիրը նախորդ տարիներին էլ կար, և այդպես էլ չի լուծվում.
«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հացազգիների բավականին պակաս բերք ունենք, թվերը հիմա ճշտում ենք: Անասնակերի պակաս ունենք, որի մասին չեն խոսում, և, բնականաբար, անասնագլխաքանակի անկում ունենք: Այս խնդիրը նախորդ տարիներին էլ կար, որովհետև մասնագետներ չկան: Մենք այս կառավարությանն առաջարկել էինք վարչապետին կից գյուղատնտեսության խորհուրդ ստեղծել, որն ամիսը մեկ անգամ կհավաքվեր, վիճակը կքննարկեր: Անվճար խորհրդի մասին էր խոսքը, բայց որևէ արձագանք չեղավ. երևի նպատակ ունեն գյուղերը դատարկելու»:
Նա ընդգծեց, որ առաջիկայում կլինեն նաև թանկացումներ.
«Թուրքի արտադրանքն են ուտելու, երևում է՝ թուրքի լոլիկը շատ են սիրում: Թանկացումներ, բնականաբար, կլինեն: Ես ասում էի՝ չէին հավատում, որ կարտոֆիլի գինը չի նվազելու. այսօր կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են, բանջարեղենի մասին էլ չեմ խոսում. քանի տարի է՝ պակաս է: Պտուղը նախորդ տարվա համեմատ՝ 30-40 տոկոսով պակասել է: Այստեղ-այնտեղ խոսելով՝ դարդին դարման չես անի: Եկել է պատասխան տալու ժամանակը. տվեք այդ պատասխանը, թե ինչու երկիրն այս օրը հասցրիք»: