Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետին

Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին:

Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին` նշելով, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունն ունեցել է բազում ձեռքբերումներ:

Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ Հրաչ Խոստեղյանի ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը չի բավարարվի ձեռք բերվածով: Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը հավաստիացրել է, որ ստորաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր անձնակազմը կլուծի պատվով ու պատասխանատվությամբ:

Ստորաբաժանման նախկին պետ, այժմ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ ձեռքբերումներն իրականացվել են շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի բարեխիղճ աշխատանքի:

Ելույթ է ունեցել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա կարևորել է ոստիկանների սրտացավ ծառայությունն ու նշել, որ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կա սերտ համագործակցություն:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության, ոստիկանների պատրաստվածության, կարգապահության, սոցիալական վիճակի, ոստիկանության ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների ու բարեփոխումների մասին հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս