«Կիսանախագահական կամ վարչապետական տրամաբանությունը շարունակում է գործել նաև Ազգային անվտանգության խորհրդում». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսանախագահական կամ վարչապետական տրամաբանությունը շարունակում է գործել նաև Ազգային անվտանգության խորհրդում

Մամուլից տեղեկացանք, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը՝ նվիրված Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 
«Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում: Բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ մենք պատրաստվում ենք առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների:

Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանավորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը: Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնորդությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ նաև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում»:

Իրապես, անվիճելի է այդ փաստաթղթի կարևորությունը և այդ փաստաթղթի մշակմանը բոլոր հնարավոր ռեսուրսների ու կարողությունների ներգրավումը, մինչդեռ ԱԺ ընդդիմադիր խմբակցությությունների ներկայացուցիչները հրավիրված չեն եղել հանձնախմբի երեկ տեղի ունեցած անդրանիկ նիստին։

Ընդ որում, եթե Ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնախումբը համարվում է միջգերատեսչական մարմին, այսինքն՝ գործադիր իշխանության մարմինների միջև կազմավորված օղակ, ապա ինչու՞ են այդ մարմնի նիստին մասնակցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները։

Այդպիսով ևս մեկ անգամ խորհրդարանական խմբակցությունների սահմանադրաիրավական կարգավիճակը ստորադասվում է ԱԺ մշտական հանձնաժողովների կարգավիճակից, ինչը նաև հարիր է ոչ թե խորհրդարանական երկրին, այլ լավագույն դեպքում կիսանախագահական կամ վարչապետական կառավարման ռեժիմին։

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստի կազմը հերթական անգամ ընդգծում է այն, որ մենք չափազանց հեռու ենք իրական խորհրդարանական կառավարումից և որ իշխող կուսակցության ներկայացուցիչների տարբեր առիթներով արվող՝ ինկլյուզիվության սկզբունքով կառավարման վերաբերյալ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։

Կիսանախագահական կամ վարչապետական տրամաբանությունը շարունակում է գործել նաև Ազգային անվտանգության խորհրդումՄամուլից…

Gepostet von Edmon Marukyan am Mittwoch, 31. Juli 2019

Տեսանյութեր

Լրահոս