ՀՅԴ-ականները Երևանի քաղաքապետարանի մոտ քաղաքապետից պահանջեցին կատարել նախընտրական խոստումներն ու նրան դեղին քարտ ցույց տվեցին
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջոցառում անցկացրեց, որի նպատակն էր՝ բարձրաձայնել Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երևանի ավագանուց և քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները:
Նրանք նշեցին, որ կարճ ժամկետում կարելի էր Երևանի աղբից ազատվել, կանաչապատել Երևանը ուդեղին քարտ ցույց տվեցին քաղաքապետարանին։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի խոսքով` իրենք ուզում են քաղաքապետին հիշեցնել իրենց խոստումները:
«Երևանի քաղաքապետն իր թիմի հետ մեզ խոստացել էր Երևանը կանաչապատել, աղբահանության, տրանսպորտի և մի շարք այլ խնդիրներ լուծել։ Մենք հասկանում ենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնավարման ժամանակը` 10 ամիսը, բավականին քիչ ժամանակ է, որպեսզի մենք վերջնական արդյունքներ տեսնենք, սակայն որևէ տեղաշարժ էլ չենք տեսնում։ Դրա համար էլ որպես նախազգուշացում` դեղին քարտ ենք ցույց տալիս քաղաքապետին, հիշեցնում ենք խոստումներն ու լրջացման կոչ ենք անում: Տեսնում եք, որ աղբահանության վիճակն օր օրի վատանում է: Մյուսը վերելակների հարցն է. գոնե մեկ վերելակի հարց լուծված չէ, ավելին` 71 միլիոնով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը ու ներկայացնում էին, որ այլ միջոցներով պետք է փոխվեն վերելակները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոստոմյանը։
Ինչ վերաբերում է կանաչապատ տարածքներին, ապա, ըստ Ռոստոմյանի՝ Սարալանջի տարածքները կարծես հրդեհի բուն լինեն, իսկ ծառատունկ կատարում են ու չեն հետևում։
«Եթե յանտեղ ոռոգման համակարգ անցկացված չէ, ինչքան էլ ծառատունկ լինի, մեկ է՝ դրանք չորանալու են: Վերցնենք գետնանցումները.ինչպես նախկինում անմխիթար վիճակում էին, այդպես էլ մնացել են: Քանի որ վերոհիշյալ խնդիրներից որևէ մեկը չի լուծվել, մենք առաջին դեղին քարտն ենք ցույց տալիս քաղաքապետին` հույս ունենալով, որ առաջիկայում խնդիրներին լուծում կտրվի։ Խնդիրն այն է, որ գուցե պրոֆեսիոնալիզմն է բացակայում, որպեսզի կարողանան ճիշտ կառավարել։ Եթե ցանկություն կունենան համագործակցելու՝ պատրաստ ենք որոշ ծրագրեր ներկայացնել»,–հավելեց նա։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին ու ասաց, որ հնչեցված մտքերը, իր կարծիքով, վատ տեղեկատվության արդյունք են:
Նրա խոսքով` հայտարարությունը, թե 71 միլիոնով նվազել է վերելակների վերանորոգման բյուջեն, այդպես չէ, հակառակն է:
«Վերելակների նորոգման և սպասարկման համար 2019թ.–ի բյուջեով նախատեսվել է 120 779 000 դրամ` 2018թ.–ի 96 528 000 դրամի փոխարեն։ Վերելակների սպասարկման աննախադապ աճ է գրանցվել, իսկ վերելակային տնտեսության թարմացման առումով նշեմ, որ 5000-ից 3500-ը ենթակա է փոփոխման, այդ խնդրի լուծման համար քաղաքապետարանն առաջարկել է համալիր ծրագիր՝ համատիրությունների և բնակիչների հետ համատեղ լուծել այդ հարցը: Խոսվեց կանաչ տարածքներից, ասացին, որ Սարալանջվի հատվածը պետք է կանաչապատվի, ուզում եմ զեկուցել, որ կայացել է մրցույթ՝ այդ տարածքում ոռոգման համակարգ հիմնելու վերաբերյալ:
Կաթիլային ոռոգման համակարգից հետո ծառատունկ տեղի կունենա ու մյուս տարվանից սկսած՝ այդ հատվածում կունենանք մեր նախատեսածը: Կանաչապատում կլինի այն հատվածներում, որտեղ կլինի ոռոգման հնարավորություն: Աղբի հետ կապված մենք պարբերաբար խոսում ենք»,-մանրամասնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:
Ակցիայի մասնակիցները ընդհատեցին մամուլի խոսնակին ու նշեցին, որ չեն մաքրվում նաև արձանները, ծառերը չեն էտվել, սրսկվել:
Անի Կարապետյան