Անգլիան զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Անգլիայի արտգործնախարարությունը Թուրքիա և մի շարք այլ երկրներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես խոսվել է ահաբեկչության և երկրաշարժերի ռիսկի մասին։ Ճամփորդության համար վտանգավոր ուղղությունների թվում բացի Թուրքիայից տեղ են գտել նաև Իսպանիան, Թայլանդը, Հունաստանը, Եգիպտոսն ու Թունիսը։

Թուրքիայի մասով Անգլիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ որոշ քաղաքներում նախկինում կազմակերպված ցույցերը այնուհետև վերածվել են բախումների։ Մասնավորապես հիշատակվել է Ստամբուլի Իսթիքլալ, Բեշիքթաշ, Կադըքյոյ և Օքմեյդանը շրջաններում տեղի ունեցած բախումների մասին։

Նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին՝ հեռու մնալ ցույցերի և նման միջոցառումների անցկացման տարածքներից, քանի որ դրանք ցրելու նպատակով ոստիկանությունը սովորաբար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառում։

Թուրքիա մեկնել ցանկացող քաղաքացիները զգուշացվել են նաև թուրքական քաղաքներում, հատկապես՝ այգիներում ու ազատ տարածություններում թափառող շների առկայության մասին, որոնք կարող են խմբեր ձևավորել և հարձակվել անցորդների վրա։ Հայտարարությունում նշվել է նաև, որ թափառող շները կարող են կատաղած լինել կամ վարակված լինել մարդու համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով։

ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին՝ 10 կիլոմետրից ավել չմոտենալ Սիրիայի սահմանին և առանց խիստ անհրաժեշտության չայցելել Թուրքիայի Շըրնաք, Մարդին, Քիլիս, Հաթայ, Դիարբեքիր, Թունջելի և Հաքքարի նահանգներ։

Հայտարարությունում միևնույն ժամանակ արձանագրվել է, որ նախորդ տարի Անգլիայից Թուրքիա է մեկնել 2․3 մլն զբոսաշրջիկ, որոնց մեծ մասի ուղևորությունը անցել է առանց խնդիրների։

Անգլիայի արտգործնախարարության ինտերնետային կայքում նշվել է նաև, որ Թուրքիայում դեռևս առկա է տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից նոր ահաբեկչական գործողությունների իրականացման վտանգը։

Տեսանյութեր

Լրահոս