ԵԿՄ–ում անձանց փոխելուց, բիզնեսները չեն փոխվում. Արմավիրի ավտոկայարանի մի մասը տվել է Ռուստամ Գասպարյանին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»–ի տնօրինությունը ընդամենը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տարածքի մի զգալի մաս հատկացրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։
Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, եւ եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատգամավորին, ի՞նչ բիզնես է փորձում ավտոկայանում հիմնել նախկին պատգամավորը։ Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Հայավտոկայարան ՓԲԸ»–ի տնօրեն Աշոտ Մնացականյանից, ով, ըստ էության, չհերքեց լուրը, նկատելով. «Ներդրումային ծրագիր է ներկայացվել եւ ես գիտեմ, որ Գասպարյան է ազգանունը»։
Իսկ ահա նախկին պատգամավորը, չգիտես ինչու, նյարդայնացավ մեր հարցից ասելով. «Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա, ինչի մի գրելու բան եք գտել..»։
Մի կտոր տարածք է, թե ինչ, հարցի մի կողմն է։ Իսկ մյուս կողմն այն է, որ այդ տարածքը մեր որոշ աղբյուրներ համարում են միանգամայն եկամտաբեր։ Վերջապես, պակաս կարեւոր հարցադրում չէ, թե պարոն Գասպարյանը կոնկրետ որ մրցույթում է նման հարմարավետ գնով շահել այդ տարածքի վարձակալությունը, թե՞ ոչ մի մրցույթ էլ չի եղել։
Ի դեպ, մեր որոշ աղբյուրներ ակնարկում են, որ պարոն Գասպարյանն ամենեւին էլ «օդից» չէ, որ ստացել է այդ բիզնեսը։ Հիշեցնենք, պարոն Գասպարյանը արցախյան ազատամարտի հայտնի ներկայացուցիչներից է։ Անցած տարի, Մանվել Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո, երբ խոսակցություններ կային, որ ԵԿՄ նախագահությունը կարող է ստանձնել Արամ Սարգսյանը, Գասպարյանը դրան կտրուկ դեմ գնացողներից մեկն էր։
Նա մինչեւ իսկ առիթ ունեցավ հայտարարել, թե այլեւս չի ուզում վերադառնալ ԵԿՄ, անգամ համագործակցել։ Միաժամանակ «Ազատամարտիկների դաշինքի» հետ միասին առաջարկում էր, որ ԵԿՄ-ն նախագահ չունենա, այլ լինի համակարգող խորհուրդ։ Չնայած դրան, Գասպարյանը, ով Սասուն Միքայելյանի մտերիմներից մեկի համարում ունի, ԵԿՄ ղեկավար կազմի առնչությամբ իր վերաբերմունքը կտրուկ փոխեց, երբ հայտնի դարձավ, որ ոչ թե Արամ Զավենիչը, այլ Սասունն է լինելու ԵԿՄ նախագահ։
Դրանից հետո Գասպարյանը նաեւ ընդգրկվեց ԵԿՄ վարչության կազմում եւ այսօր այդ կառույցի փաստացի ղեկավար կորիզի անդամներից մեկի համարում ունի։ Եվ այս պարագայում 300 հազար դրամով, այսինքն` մի միջին բնակարանի վարձավճարի չափով Արմավիրի ավտոկայանի զգալի մասին վարձակալ դառնալն արդեն ֆանտաստիկայի ժանրի տպավորություն չի՞ թողնում։
Բայց այստեղ մեկ մեծ հարց, ուրեմն ի՞նչ փոխվեց։ Որ մի անձի փոխարեն մյո՞ւսն է հայտնվել իշխանական կերատաշտի մոտ ու իր համար համեղ պատառներ է պոկում։ Ընդ որում, անձինք, ովքեր ժամանակին էլի այդ կերատաշտի մոտ գտնվելու առիթ ունեցել են։ Ուրեմն սա՞ էր «հեղափոխական արդարությունը»։
Իսկ թե ԵԿՄ նոր շեֆությունն ուրիշ ինչ նման հետաքրքիր «մարտական ձեռքբերումներ» ունի, կներկայացնենք առաջիկայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: