Բաժիններ՝

«Գործ ունենք քաղաքային իշխանությունների ժամանակավրեպ քայլերի հետ». Դավիթ Խաժակյանը՝ աղբահանության մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ «ՍանիՏեք» ընկերությունն իր ունեցած ռեսուրսներով ի վիճակի չէ Երևանի ամբողջ աղբահանությամբ զբաղվել։

Ըստ նրա՝ ընկերությունը քաղաքապետարանից ակնկալում էր աջակցություն, ինչը քաղաքապետարանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի տրամադրել, որի հետևանքով էլ աղբահանության առումով այսօր քաղաքը հայտնվել է ինքնահոսի մեջ։

«Մենք տեսնում ենք, որ որոշ գործընթացներ տեղի ունենում են, աշխատակիցները դուրս են գալիս փողոց, աշխատում են, սակայն աղբահանության ծավալներն ավելի քան բավարար չեն»,- այսօր Կառավարության շենքի մոտ հրավիրված հրատապ ասուլիսին ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա ապշել է, երբ մայիսին տեսել է, որ աղբամանների գնման համար քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։ Մտածել է, որ այդ ամենն իրականացվելու է միջազգային օպերատորի միջոցով, հետո հասկացել է, որ քաղաքապետարանը որոշել է ամեն ինչ անել ինքնուրույն։

«Չհասկացա, թե ինչու այդ ամենը չիրականացվեց հունվար կամ փետրվար ամիսներին, երբ պատվիրվել էին աղբատար մեքենաները։ Մայրաքաղաքում աղբամանների թիվը կրիտիկական քիչ է, և առանց դրանց բավարար քանակության, որքան էլ մեքենաները շատ լինեն, անհնար է դա իրականացնել։ Այստեղ մենք գործ ունենք քաղաքային իշխանությունների ժամանակավրեպ քայլերի հետ»,- ընդգծեց նա։

Նա նաև նկատեց, որ քաղաքի կանաչապատման գործընթաց տեղի չի ունենում, և հեկտարներով կանաչապատ տարածքներ մնացել են չմշակված և գրեթե ամբողջությամբ այրվել են։

Հարցին՝ եթե ընկերությունը աղբահանությունը վատ է կատարում, ինչո՞ւ նրա հետ պայմանագիրը չեն խզում, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ հարցին պետք է պատասխանի քաղաքապետարանը, և նկատեց, որ քաղաքապետարանի պատասխանը՝ հարցի հետ կապված, պարզապես զավեշտալի է։

«Ասում են, եթե խզեն պայմանագիրը, ապա ինչպե՞ս է լինելու ընթացիկ աղբահանության իրականացումը։ Խոսում են նաև տույժ-տուգանքների մասին, բայց եթե կա այդ վտանգը, ապա այն ուշ թե շուտ լինելու է։ Պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում կա վտանգ՝ միջազգային արբիտրաժ դիմելու հետ կապված, ուստի քաղաքապետարանն իրավական գործընթաց սկսելիս պետք է չափազանց զգույշ լինի։

Ինչ վերաբերում է երկրորդ օպերատորին, ապա քաղաքապետարանը որոշեց չներգրավել միջազգային փորձառու կազմակերպության, այլ ամեն ինչ կազմակերպել համայնքի սանիտարական հիմնարկի միջոցով։ Դրանց պաշտոնյաները գուցե լավ մասնագետներ են, բայց աղբահանության կամ քաղաքային տնտեսության հետ առնչություն չունեն»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս